Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության ձևավորումից անմիջապես հետո գլխավոր թիրախներից մեկը հռչակվեց ստվերի կրճատումը: Սկզբում այս գործընթացն ընդգրկեց հիմնականում խոշոր բիզնեսը: Դրա համար մեկնարկային կետ սահմանվեց հուլիսի 1-ը, ինչից հետո ֆինանսների նախարարությունը տասնօրյակը մեկ ներկայացնում էր հաշվետվություն` ստվերի կրճատման տեմպերի վերաբերյալ:
Հարկ վճարողներին հարկային օրինական դաշտ բերելու համար նախաձեռնվեցին նաև օրենսդրական փոփոխություններ, և հուլիսի 21-ին Ազգային ժողովում ընդունվեց Շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նոր օրենքով նախատեսված են մի շարք այնպիսի առանցքային ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան լույս սփռել տնտեսվարող սուբյեկտների գործունեության իրական ծավալների վրա, ինչն էլ կբարձրացնի թափանցիկությունն ու հնարավորություն կտա կրճատել ստվերը:
Իրականում հենց այս նոր ընթացակարգերն են, որ առաջացրել են փոքր ու միջին ձեռնարկատերերի զայրույթը և դժգոհությունը: Նրանց բողոքներն, իհարկե, հասկանալի են, քանի որ շրջանառության իրական ծավալների ներկայացնելուց հետո կմեծանան նաև նրանց կողմից վճարվելիք հարկերի ծավալները: Սակայն այստեղ անհրաժեշտ է որոշակի պարզաբանումներ մտցնել` կապված նախ ստվերի կրճատման համար նոր օրենքի անհրաժեշտության և մյուս կողմից էլ տնտեսվարողների համար հավելյալ խնդիրների առաջացման ու նրանց բողոքի հիմնավոր լինելու մասին:
Կառավարությունն այս քայլով նախ նպատակ է հետապնդում, որպեսզի ՓՄՁ-ները խոշոր ընկերությունների համար չդառնան հարկերը թաքցնելու հարթակ և գործիք: Տրամաբանական է, որ օրենքի` ուժի մեջ մտնելուց և ապրանքաշրջանառության փաստաթղթավորումից հետո մեծանալու են տնտեսվարողների շրջանառության տեսանելի ծավալները և հետևաբար` վճարվող հարկերի ծավալները: Նկատի ունենալով այս խնդիրը` կառավարությունը նոր օրենքով 3,5 անգամ նվազեցնում է շրջանառության հարկման դրույքաչափը` այն սահմանելով 1%: Սակայն ինչպես հասկանալի է դառնում տնտեսվարողների արձագանքներից` խնդիրը ոչ թե հարկի դրույքաչափն է, այլ զուտ փաստաթղթավորումը: Տնտեսվարողները դեմ չեն վճարել նույնիսկ 3,5%-ը, սակայն նրանք համոզված են, որ հնարավոր չի լինի ապրանքների խոշոր մատակարարներից ձեռք բերել համապատասխան փաստաթղթերը:
Պետք է նկատել, որ նոր օրենքի բովանդակությունը ավելի է խճճում տնտեսվարողների փաստաթղթաշրջանառությունը, քանի որ համատարած փաստաթղթավորման գործընթացը նոր է ներդրվում հանրապետությունում: Բողոքի դուրս եկած տնտեսվարողները բարձրացնում են մի շարք հարցեր, որոնք, ըստ իրենց, ավելի կվատթարացնեն առևտրով զբաղվելու հնարավորությունը:
Տնտեսվարողների խոսքով՝ համատարած փաստաթղթավորման պարագայում իրենք ստիպված կլինեն օգտվել հաշվապահի ծառայությունից, որը պետք է իրականացնի փաստաթղթաշրջանառության, գույքագրման գործառույթները, ինչը կավելացնի իրենց ծախսերը: Երկրորդ կարևոր խնդիրը փաստաթղթերի ձեռքբերումն է: Փոքր ու միջին ձեռնարկատերերից շատերը պնդում են, որ իրենք խոշոր ներկրողներից ի վիճակի չեն ձեռք բերել հաշիվ ապրանքագրեր: Մյուս կողմից արտասահմանից ներմուծված շատ ապրանքների պարագայում նման փաստաթուղթ չեն տրամադրում ներկրողներին: Արդյունքում, չունենալով փաստաթղթեր, հարկային մարմինների անցկացրած ստուգումների դեպքում կենթարկվեն տուգանքների: Իսկ դրանց պարբերական կրկնության արդյունքում կդառնան ԱԱՀ վճարողներ, ինչ էլ ավելի կծանրացնի հարկային բեռը:
Այս խնդրի հետ կապված կառավարությունը գործարարներին առաջարկում է համապատասխան գործիքներ, ըստ որոնց` եթե ապրանքի խոշոր մատակարարները հրաժարվում են համապատասխան փաստաթղթեր տրամադրելուց, ապա կարելի է դիմել հարկային վերահսկիչ մարմիններին, որոնք էլ պատասխանատվության կենթարկեն օրինախախտներին: Ընդ որում` երաշխավորվում է բողոքող կողմի գաղտնիությունը:
Ամփոփելով նշենք, որ ստվերի դեմ արդյունավետ պայքար ծավալելու ճանապարհին համատարած փաստաթղթավորումը խիստ անհրաժեշտ գործիք է, և այդ ուղիով են անցել զարգացած ու մրցակցային շուկայական տնտեսություն ունեցող երկրները: Սակայն այս գործընթացը պետք է իրականացնել հնարավորինս անցնցում, որպեսզի խոշոր ձեռնարկությունների ստվերի կրճատումը միևնույն ժամանակ կաթվածահար չանի տնտեսության համար այդքան կարևոր ՓՄՁ-ների գործունեությունը: