ԱԺ աշխատանքերը լուսաբանող մի խումբ լրագրողներ նախաձեռնել են ստորագրահավաք, որով կոչ են անում ԱԺ խմբակցություններին, եւ անհատ պատգամավորներին, դատապարտել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքը:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանը խորհրդարանի միջանցքում վիրավորել է իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնող լրագրողներին. նրանց անվանել է «նախիր» ու հայհոյել։ Ազգային ժողովի խմբակցություններին, բոլոր պատգամավորներին առաջարկում ենք հրապարակավ դատապարտել Մհեր Սեդրակյանի՝ Ազգային ժողովի պատգամավորին անհարիր վարքը։ Այդպիսով պատգամավորներն ու խմբակցությունները հնարավորություն կունենան հասարակությանը ցույց տալու, որ հավատարիմ են բարձր արժեքներին, գիտակցում են մամուլի կարևոր դերը պետության հասարակական-քաղաքական կյանքում և ընկալում են քաղաքավարության ու էթիկայի՝ առաջադեմ մարդկությանը բնորոշ կանոնները։ Կարծում ենք, որ պատգամավորների համար պետք է որ նույնքան վիրավորական լինի այն պատկերացումը, թե իրենց գործունեությունը լուսաբանվում է «նախիրի» կողմից և որ պատգամավորները հանրության հետ հաղորդակցվում են «նախիրի» միջոցով։
Համոզված ենք, որ Ազգային ժողովի պատգամավորների շրջանում կան մարդիկ, որ ունակ են խորությամբ ընկալել այս տեքստում առկա մտքերն ու համարժեքորեն արձագանքել մեր առաջարկությանը։ Այս նպատակով իրականացնում ենք ստորագրահավաք։
Այս պահին ստորագրահավաքին միացել են տասնյակ լրագրողներ, ինչպես նաեւ մի քանի պատգամավորներ:
Հավելենք, որ վաղը ԱԺ-ի դիմաց լրագրողները կիրականացնեն բողոքի ակցիա: