Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Ստեփանակերտում կկայանա «Bridge Artsakh-2017» արցախյան տնտեսական ամենամյա համաժողովը՝ նվիրված Արցախի ներդրումային հիմնադրամի 10-ամյակին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ներդրումային հիմնադրամի «ՓՄՁ սուբյեկտների մոտ նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցություն» ծրագրի պատասխանատու Քրիստինե Հայրիյանն ասել է, որ համաժողովի հիմնական նպատակներն են Արցախի, ՀՀ և արտերկրյա ընկերությունների միջև բանակցությունների կազմակերպումը, նոր գործարար կապերի բացահայտումը, բիզնես գործունեության շրջանակների ընդլայնումը, կառավարության ներկայացուցիչների հետ կարևորագույն տնտեսական խնդիրների քննարկումը:
«Համաժողովի պլենար նիստի թեման է «Արցախի հանրապետության ներդրումային քաղաքականությունը և պետական-մասնավոր համագործակցությունը՝ որպես երկրի տնտեսության գլոբալ զարգացման հիմք»: Ֆորումի շրջանակներում նախատեսվում է անցկացնել սեկցիոն նիստեր, ինչպես նաև կազմակերպել կոնտակտային բորսա և երկկողմանի բիզնես-հանդիպումներ»,- տեղեկացրել է Ք. Հայրիյանը և հավելել, որ համաժողովը կազմակերպվում է Արցախի ներդրումային հիմնադրամի, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ և ԱՀ կառավարության աջակցությամբ:
Նշենք, որ միջոցառմանը մասնակցելու են Արցախում, ՀՀ-ում և արտերկրում գործող ընկերությունների ղեկավարներ, տարբեր միությունների ու ասոցիացիաների ներկայացուցիչներ, Արցախի Հանրապետության կառավարության անդամներ: