Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսօր, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլում շրջանառավող այն տեղեկություններին, թե Վարդան Օսկանյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել:
«Ես կարծում եմ, որ պարոն Օսկանյանն այնքան գիտակ է Հայստանի ներքին կյանքին, արտաքին հարաբերություններին, և ընդհանրապես, իրավիճակին` ամբողջությամբ վերցրած, որ բոլոր իրավունքներն ունի կուսակցություն ստեղծելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ստեփան Մարգարյանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավորը նշեց, թե միայն կողջունի, եթե Օսկանյանը որոշի կուսակցություն ստեղծել: Նա նաև չբացառեց, որ կհամալրի այդ կուսակցության շարքերը: Միայն թե ընդգծեց , որ հստակ կասի այն ժամանակ, երբ Օսկանյանը գոնե կհայտարարի կուսակցություն ստեղծելու մասին:
Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանը, նախորդ տարվա փետրվարյան հայտնի զարգացումներից հետո, լքեց ԲՀԿ-ն: Դրանից հետո, մամուլում պարբերաբար հայտնվում են տեղեկություններ, թե Օսկանյանը նոր կուսակցություն է հիմնելու: Ինքը Օսկանյանը հարցի վերաբերյալ դեռևս տեսակետ չի հայտնում: