Հունիսի 18-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 32-րդ հանդիպումը, որտեղ ամփոփվեցին ՍԾՏՀԿ-ում Մոլդովայի 6-ամսյա նախագահության արդյունքները:
Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր եւ ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նա նշեց, որ անցած կես տարվա ընթացքում Հայաստանը ջանքեր է գործադրել տարբեր բնագավառներում տարածաշրջանային բազմակողմ տնտեսական համագործակցության խթանման, կազմակերպության ծրագրային օրակարգի իրականացման, ներդրումների խրախուսման, Հայաստանի տնտեսական շահերի առաջ մղման ուղղությամբ: Կարեւորվեց նաեւ կազմակերպության արդյունավետության բարելավման անհրաժեշտությունը:
Որպես կազմակերպության ներսում համագործակցության լավագույն օրինակներից մեկը նշվեց` ՍԾՏՀԿ Նախագծերի կառավարման նորաստեղծ մարմնի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված տեղեկատվական տեխնոլոգիաների ինկուբատորների ասոցիացիա ստեղծելու վերաբերյալ խոշոր ենթակառուվածքային նախագիծը:
Նշվեց, որ ՍԾՏՀ-ն բացառապես տնտեսական ուղղվածության կազմակերպություն է, եւ դատապարտվեցին Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումներն ու կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու հերթական փորձերը:
Հանդիպման արդյունքում ՍԾՏՀԿ արտգործնախարարների կողմից ընդունվեցին մի քանի տասնյակ որոշումներ եւ առաջարկություններ: Նախագահությունը կազմակերպությունում հերթական վեցամսյա ժամկետով փոխանցվեց Ռումինիային: