Ստամբուլում 1962 թվականից գործող «Քամփ Արմեն» որբանոցը քանդման վտանգի տակ է: Նախօրեին Ստամբուլում կազմակերպվել է բազմամարդ քայլերթ՝ որբանոցը հայերին վերադարձնելու նպատակով:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պոլսահայ ազատամարտիկ, հրապարակախոս Սարգիս Հացպանյանն անդրադարձավ որբանոցի ճակատագրին: Վերջինս ընդգծեց, որ սա պատմական ճամբար է, որտեղ մի շարք ականավոր հայեր են հանգրվանել. Հրանտ Դինքը ևս այստեղ է մեծացել:
«Հանրապետական Թուրքիայի և Պոլսի տարածքում բազմաթիվ հյուրանոցներ և շինություններ են կառուցվում հայապատկան հողերի վրա: Հիմա, երբ հայերից զավթված կալվածքները հետ վերցնելու խնդիր է դրվել, ինչքան էլ Թուրքիան իսլամական ուղղվածություն ունի, պետք է նշել, որ հիմա այն ավելի շատ է ընդառաջում հայկական կալվածքների հարցում, ուստի, մեզ համար զարմանալի է, երբ նման դրական ընթացքի պայմաններում վերջին երկու ամսվա ընթացքում որոշում է կայացվել քանդել որբանոցը և դրա տեղում վիլայեթ կառուցել»,-նկատեց բանախոսըˋ հավելելով, որ որբանոցը փաստաթղթով համարվում է հայկական ավետարանչական եկեղեցու սեփականությունը:
Հացպանյանն ընդգծեց, որ որբանոցի նախկին սաները մի քանի օր է հավաքվել են որբանոցի շուրջ և հերթապահում են այնտեղˋ թույլ չտալով քանդել շինությունը: Վերջիններս պահանջում են նաև որբանոցը ճանաչել իրենց սեփականությունը:
«Երեխաները մի գիշերվա մեջ կազմակերպեցին ամբողջ գործընթացը: Նրանք պառկել էին հատակին և չէին թողնում քանդող մեքենաներին մտնել որբանոցի տարածք: Այս ընդդիմանալու փորձը իր նախադեպը չունի Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ: Հայը ասում է, որ իրավունք չունեն քանդելու իր ձեռքով սարքածը: Սա աննախադեպ միջադեպ էր և շատ գովելի»,-նշեց բանախոսըˋ ընդգծելով, որ որբանոցը նյութական արժեքի իմաստով մեծ նշանակություն ունի պոլսահայերի համար, ուստի նրանք կանեն ամեն ինչ՝ թույլ չտալու համար այն քանդել: