տուն Հասարակություն Իրավական Սրա-նրա ձեռքին դատավորները չպետք է նայեն. նոր երաշխիքներ Կառավարությունից

Սրա-նրա ձեռքին դատավորները չպետք է նայեն. նոր երաշխիքներ Կառավարությունից

112
0

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց  ՀՀ Կառավարության 2012 թ. դեկտեմբերի 27-ի N 1691-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի նպատակն է կարգավորել դատավորների՝ պետական միջոցների հաշվին առողջության ապահովագրության պայմանները և չափը սահմանելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ապահովել դատավորների՝ հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից օգտվելը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ լրացուցիչ պարտավորություն է վերցնում պետությունը առանձին խմբի համար: «Հաջորդ օրը կարող է առանձնացվել մի խումբ: Չեմ ուզում քննարկել կամ վիճարկել հիմնավորումները: Սոցիալական երաշխիքների մասին չեմ պատկերացնում՝ ինչպես են լինելու սոցիալական այդ երաշխիքները: Այս որոշումը նպատակահարմարության դաշտում է»,- ասաց  նա:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ  խնդիրն առնչվում է անկախ դատական համակարգի ծառայություններից օգտվելու իրավունքին: «Մեր դատական համակարգում կան պրոբլեմներ: Գիտեք Կառավարության մոտեցումը դատական համակարգի նկատմամբ: Դատական համակարգի 100 տոկոսով անկախությունը կարևոր է: Եթե մենք ուզում ենք դատական համակարգ ունենալ, պետք է ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի մեր դատավորները առնվազն օբյեկտիվորեն սրա-նրա ձեռքին նայելու մեծ անհրաժեշտություն չունենան»,- ասաց վարչապետը:

ՀՀ վարչապետի խոսքով՝  մի կողմից պետք է պայքարել կոռուպցիայի  ու ապօրինի որոշումների դեմ, բայց մյուս կողմից՝ այս ապօրինի որոշումների ծագման սոցիալական բաղադրիչը հնարավորինս նեղացնել:

Սոնա Դավթյան