Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպում ունեցավ հայտնի ամերիկահայ հրապարակախոս, «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:
Սասունյանը ներկայացրեց օրերս տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք համաժողովում իր հնչեցրած առաջարկները:
«Ես առիթ ունեցա ներկա լինել բոլոր համաժողովներին: Նախ ասեմ, որ մեզ բաժանվեց նախորդ տարիներին ընդունված ու չկատարված որոշումների ժողովածուն՝ մոտ 200 էջ: Ես պետք է 60 երկիր շրջեի, որպեսզի այստեղ եղած մարդկանց հետ հանդիպեի, բայց բոլորը մեկ տեղ էին հավաքվել համաժողովին: Մոտ 700 մարդ էր եկել Սփյուռքից: 700 հոգի Հայաստան գալով, ծախսեր անելով արդեն իսկ ներդրում է կատարում փաստացի Հայաստանում: Տարիներ ի վեր մշակել եմ ծրագիր, որը չեմ ներկայացրել: Այս համաժողովին ներկայացրեցի. ծրագիրս բաժանված է երեք մասի. Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն, Սփյուռք: Ի տարբերություն Հայաստանի ու Արցախի, հավանենք կամ չհավանենք, բայց կան ընտրված իշխանություններ: Սփյուռքի 7 միլիոն հայ ժողովուրդը նման մարմին չունի: Միայն 10 տոկոսն է, որ անդամակցում է ինչ-որ միությունների, կուսակցությունների:
Այդ պատճառով ես առաջարկել եմ ձևավորել սփյուռքի մի կառույցˋ մեկ հայ, մեկ քվե սկզբունքով և ընտրությամբ ստեղծված դեմոկրատական կարծիք: Սրանով առաջին անգամ կունենանք համապարփակ կարծիք արտահայտող մարմին: Այդ մարմինն առաջին անգամ ի զորու կլինի խոսել ողջ սփյուռքի կողմից: Այդ ղեկավարությունը փաստորեն կնստի մեր մյուս երկու ղեկավարությունների հետ ու կորոշի մեր ազգի առաջ ծառացած խնդիրները:
Սրանից երեք տարի առաջ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ուզում էր հանդիպել ամերիկահայության հետ: Մեկուկես միլիոնանոց համայնքում վեճեր էին, թե ով պետք է գնա ու հանդիպի: Վերջիվերջո այդ հանդիպումը տեղի չունեցավ: Բայց եթե Սփյուռքում կառույց լիներ՝ որևէ խնդիր չէր առաջանա»,- ասաց Սասունյանը: