Մոր սիրտը որդուն է կանչում: Գյումրեցի Ասյա Սարգսյանը իր որդու՝Աստվածատուր Սարգսյանի ձայնն է ուզում լսել: Araratnews.am-ի հետ զրույցում տիկին Ասյան պատմեց, որ որդին բանակ է զորակոչվել 2014 թվականի հուլիսին, ծառայում է ԼՂՀ ՊԲ-ում տեղակայված զորամասներից մեկում՝ Եղնիկներում: Վերջին անգամ մոր հետ Աստվածատուրը խոսել է այս տարվա մարտի 17-ին:
«Մարտի 17-ին երեխես վայբերով, էնտեղ էնպես է, որ կապ չկա.. երեք ամիսը մեկ մշտական անհամբեր, միշտ զինկոմ, նախարարություն, բոլորը տեղերը զանգել եմ, թե երեխիցս լուր չունեմ, էն խաղաղ վախտերը… մի կերպ երեք ամիսը մեկ խաբար եմ իմացել»,- պատմեց զինվորի մայրը: Մարտի 17-ին հնչած հեռախոսազանգից հետո Սարգսյանների բնակարանում լռել են հեռախոսազանգերը: Մարտի 18-ին Աստվածատուրը մեկնելու էր դիրքեր, այդպես էր ասել մորը, խոստանալով, որ ապրիլի 1-ին նորից զորամասում է լինելու, եւ անպայման կապնվելու է հարազատների հետ:
Սպասված զանգը ուշանում է: «Ասեց մամ մարտի 18-ին վերեւ բդի բարձրանամ, սեց մամա սպասի ամսի մեկին կիջնեմ ու կզանգեմ, ու ամսի մեկին այդ միջադեպը պատահեց, հարձակումները ու իմ երեխուցս ես լուր չունիմ»,- ասաց մայրը:
Միայն երեկ է մայրը անծանոթ համարից զանգ ստացել: Ասել են, որ Աստվածատուրն է խնդրել կապնվել ծնողների հետ, եւ հայտնել, որ ամեն ինչ լավ է, չմտածեք: «Բայց, երբ որ ես խնդրեցի, ասեցի երեխուս ձենն եմ ուզում լսել: Եթե ես իմ երեխու ձայնը չեմ լսել, ոնց հավատամ: Որպես ծնող ինչպես հավատամ, որ իմ որդին է»,- ասաց մայրը, հավելելով, որ որդու մասին տեղեկություններ փորձել է ճշտել Պաշտպանության նախարարությունից, բայց ապարդյուն: “Խնդրում եմ, գոնե հնարավոր է ես իմ երեխու ձենը լսեմ, ես չգիտեմ ինչ կկատարվի…. Ես մայր եմ….»,- նշեց տիկին Ասյան:
Աստվածատուրը զորացրվելու է հունիսի 16-ին: Նրան տանը սպասում են: Սպասում է մայրն ու չորս քույրերը: Վստահ են որդին անպայման գալու է, իսկ մինչ այդ մեկ ցանկություն ունեն՝ լսել Աստվածատուրի ձայնը:
Փայլակ Ֆահրադյան