Այսօր Աժ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ վերջերս Շվեյցարական մասնագիտացված կենտրոնի կատարած ուսումնասիրությանը, որում ներկայացնում է, որ Ադրբեջանը վերջին 10 տարվա ընթացքում գրեթե 250 անգամ ավելացրել է իր սպառազինությունը:
«Այն, ինչ կատարվում է մեր հարևանների մոտ, անկասկած, գտնվում է մեր վերահսկողության ներքո: Չգիտեմ` որքանով է մեր հարևանը իր սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, այդ սպառազինությունը պետք է կիրառվի, դրա համար պատրաստ անձինք են պետք և նրանք պետք է գաղափարապես, նաև պրոֆեսիոնալ առումով պատրաստ լինեն իրենց երկրի պաշտպանությանը և այն կիրառելուն»,- իր խոսքում ասաց Օհանյանը:
Նախարարի խոսքով` անկասկած, քանակական տվյալները մտահոգում են մենք տեղեկություններ ունենք, որ որոշակի ժամանակ է պետք, որ այդ սպառազինությունը կարգի բերվի, յուրացվի:
«Բազմիցս նշվել է, որ սպառազինությունը, որը վաճառվում է մեր հարևաններին, մեզ մտահոգում է: Մենք այդ ուղղությամբ աշխատանքներ տանում ենք: Կարծում եմ, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հենց այնպես իր տեղում չի նստում»,- նկատեց նա:
Հարցին, թե Հայաստանում այս օրերին գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ քննարկվե՞լ է այդ հարցը, նախարարը պատասխանեց, թե անդրադարձել են նաև այդ հարցին: