Քրեակատարողական հիմնարկը բարդ երևույթ է: Կադրային, տեխնիկական և, մասամբ, բյուջետային խնդիրները հնարավորություն չեն տալիս համակարգը դարձնել կատարյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
«Ուսումնասիրություններ ենք կատարում, թե արդյո՞ք «դատապարտյալների» հիվանդանոց կոչվող հաստատությունը պետք է լինի արդարադատության նախարարության պատասխանատվության տակ»,- ասաց նախարարը՝ խոսելով դատապարտյալների սննդի որակի մասին:
«Ես ինքս դատապարտյալների սննդի որակից գոհ չեմ: Դատապարտյալների սննդի լավ լինելը կապված չէ ծառայության օղակների լավ աշխատանքի հետ: Տարբեր բնագավառներում, եթե մենք քերակատարողական ծառայությունում գնումներ ենք կազմակերպում, լինում է շահերի բախում: Եթե առանձին գործիքներ չլինեն, մասնավորապես` ՄԻՊ-ի և այլն, մենք դրանց մասին չենք իմանա: Սովետական միությունից մենք ժառանգություն ենք ստացել բավական ծանր բանտային համակարգ, այդ պատճառով` մենք հիմա ուսումնասիրություններ ենք կատարում»,- նշեց Հովհաննես Մանուկյանը:
Անդրադառնալով ԴԱՀԿ-ի գործունեությանը, արդարադատության նախարարն ասաց, որ այն բավական կարևոր գործառույթ է իրականացնում:
«ԴԱՀԿ-ն մեր ամենածանրաբեռնված ծառայություններից մեկն է: Վերջին մեկ տարվա ընթացքում հարուցվել է 645000 վարույթ, գանձվել է 36 մլրդ դրամ: Սա ահռելի աշխատանք է: Որտեղ մեծ աշխատանք է իրականացվում, թերությունները բնական են: Այդ դժգոհությունները բնական են: Առաջին հայացքից` մարդն, ով տեղյակ չէ ծառայության գործառույթներից, կարող է դժգոհել, սակայն ծառայության հետ նրա շփումը վերջին կետն է: Եթե դատական ակտ է իրականացվում, բնականաբար, մի կողմը հաղթել է, մյուսը` պարտվել: Բնական է, որ գործը հասնում է հարկադիր կատարմանը: Բնական է, որ կան խնդիրներ, բայց զուտ իրավիճակային գնահատական տալ, ես համաձայն չեմ: Ասեմ, որ ծառայությունը լավ է կազմակերպված ու լավ է աշխատում»,- նշեց Մանուկյանը:
Նախարարն անդրադարձավ նաև Եվրոպական դատարանում Հայաստանի պարտություններին, ասելով, որ մեր պարտությունների պատճառը միայն դատավորները չեն: