Մեծ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ իրենց հիշողություններով մեզ հետ կիսվեցին վարպետի ուսանողները, ովքեր նրա հետ խաղացել են նույն բեմում, նկարահանման հրապարակում: Նրա երիտասարդ գրոծընկերներից մեկըˋ դերասան Գնել Ուլիխանյանը հիշում է իրենց զրույցները, երբ լոռվա բարբառով էին խոսում ու իրենց ոչ ոք չէր հասկանում.«Մենք երկուսս էլ Լոռիից էինք, վարպետը սկզբում խաղացել է Սունդուկյանում, խաղացել է իր ժամանակների «Ջոն արքա»-ում, հիմա ես եմ խաղում Սունդուկյանում ու խաղում եմ մեր ժամանակների «Ջոն արքա»-ում: Հիշում եմ, որ նկարահանումներից դուրս արվեստի մասին էր սիրում խոսել, իր ժամանակների դերասանների մասին»:
Վարպետի երիտասարդ խաղընկերներից Լևս Դավթյանը հիշում է, թե ինչպես էին ամեն առավոտ վարպետին, երբ իջնում էր մեքենայից, թևանցուկ ուղեկցում ինստիտուտ.«Մինչև ինստիտուտ կմտնեինք ու կհասնեինք թատրոն, ինչից հասցնում՝ խոսում էինք: Խորհուրդներ էր տալիս, բայց շատ զգույշ, շատ նուրբ, չէր ասում, որ սենց չի կարելի, ասում էրˋ ոնց է կարելի անել: Հիշում էմ, որ մի անգամ, նկարահանումների ժամանակ ինչ-որ ձայն էր լսվում, մեկը մյուսին ասում էր, որ ձայն չհանեն, հետո կարծեցինք, թե հեռախոս է, մեկ էլ հասկացանք, որ վարպետն է քթի տակ երգում, բայց էդպես էլ չէր զգացել, որ նկատել ենք:»
Համազգային թատրոնի դերասանուհի Անի Ղազարյանը հիշում է Սոս Սարգսյանի խորհուրդները, որոնց այսօր էլ հետեւում է կյանքում.«Մի անգամ, երբ հերթական փորձից հետո հավաքվել էին, պապին ուշադիր նայեց մեզˋ դերասանուհիներիս ու ասաց, որ դերասանը չպետք է թափթփված լինի, միշտ իրեն պետք է հետևի՝ կապ չունի խանութ է գնում, թե աշխատանքի։ Դերասանուհուն նայելիս՝ միշտ պետք է հասկանան, որ ինքը դերասան է»:
Դերասան Վիգեն Ստեփանյանը համոզված է, որ Սոս Սարգսյանն այն հայ մտավորականներից էր, որին մենք դեռ շատ կկարոտենք.«Մեր մշակութային կյանքում նա այն հայ մարդկանիցից էր, որ կյանքի օրոք դարձավ ազգային արժեք, նա ոչ միայն լավ դերասան էր, ոչ միայն թատրոնի ղեկավար էր, այլ մտավորական էր, որին շատ կկարոտենք»: