Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 20-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք-կրակոցների փաստով։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ հունվարի 20-ին Սոլակ գյուղի ակումբներից մեկում խնջույքի ժամանակ ակումբի ներսում, ապա՝ դրսում ավտոմեքենաների կայանման հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչ 28-ամյա Սերյոժա Պ.-ի եւ Չարենցավանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Մ.-ի միջեւ։
Այնուհետեւ այն շարունակվել է նույն գյուղի «Կալեր» կոչվող վայրում, որին մասնակցել են Սոլակի բնակիչներ 37-ամյա Էդգար Խ.-ն, Հովհաննես Մ.-ն, Սերյոժա Պ.-ն, 29-ամյա Տիգրան Մ.-ն, 40-ամյա Աղասի Հ.-ն եւ 26-ամյա Հովհաննես Գ.-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ խումբը պարզաբաման համար հանդիպել է, որի ժամանակ էլ միմյանց միջեւ ծեծկռտուք է առաջացել, ու Հովհաննես Մ.-ն իր մոտ եղած ատրճանակով մարդկանց վախեցնելու նպատակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ։
Ծեծկռտուքի արդյունքում Էդգար Խ,-ն վնասել է ձախ ձեռքի դաստակը, ինչից հետո հունվարի 22-ին բուժօգնության է դիմել Չարենցավանի բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված կենտրոնի բժիշկ-ռենտգենոլոգ 35-ամյա Արամայիս Պ.-ն եւ բժիշկ-վնասվածքաբան 47-ամյա Կարեն Ս.-ն առանց համապատասխան հաշվառման, ցուցաբերել են բուժօգնություն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Էդգար Խ.-ն Սոլակի գյուղապետն է, Աղասի Հ.-ն աշխատում է «Հայաստանի ԲԷՑ» ՓԲԸ-ում՝ Կոտայքի տեղամասի պետ, ՀՀովհաննես Մ.-ն աշխատում է «Բջնի» ՓԲԸ-ում։