ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ 2015թ. ՀՀ պետական բյուջեի նախագծում սոցիալական պաշտպանվածության նպատակին նախատեսված հատկացումների ծավալին և կառուցվածքին: Ըստ նրա` իրականացվող ծրագրերի և մատուցվող ծառայությունների համար հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է 303.4 մլրդ դրամ հատկացնել ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությանը և 56.3 մլրդ դրամ` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
«Սոցիալական ոլորտի բյուջեն անտակ տակառ է, ինչքան լցնես՝ չի հերիքի,- ասում է փոխնախարարն ու ավելացնում,- Աշխարհում չկա մի երկիր, որտեղ դժգոհություն չլինի սոցիալական վիճակից»:
Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ հաջորդ տարվա հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի շեմը կբարձրացվի 5 հազ. դրամով և կդառնա 55 հազ. դրամ: Իսկ միջին աշխատավարձը 2014թ. հունվար-հուլիս ամիսներին կազմել է 179 717 դրամ:
«Աղքատության խնդիրը ծառացած է մեր առջև, համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո այդ հարցն ավելի սրվեց, սակայն հետևողական քաղաքականության արդյունքում 2008 թվականից հետո աստիճանաբար կարողացանք ցուցանիշները նվազեցնել: Երկրի առջև կանգնած հաջորդ կարևոր խնդիրը գործազրկությունն է»,- նշեց նա:
Հայաստանում ներկայում կա գրացված 65 հազ. գործազուրկ, որոնցից 23.5 տոկոսը կամ 15.3 հազարը երիտասարդներ են, իսկ 72.2 տոկոսը կամ ` 46.9 հազ. հոգին` կանայք:
Ըստ Արա Պետրոսյանի ներկայացրած տվյալների` Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց թիվը կազմում է 193 836 անձ, որից 8171-ը երեխաներ են: Փոխնախարարի խոսքով` ձեռնարկվում են տարբեր գործողություններ` հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակությանն ինտեգրման ուղղությամբ:
Արա Պետրոսյանն ասաց նաև, թե կենսաթոշակների մակարդակը նույնպես ցածր է և այն չի կարող բարեկեցություն ապահովել թոշակառուներին: