Վաղը՝ մայիսի 12-ին կայանալիք կառավարության նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով քննարկմանը կներկայացվի «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը՝ պայմանավորված 2016 թվականի ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտման (Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների) կապակցությամբ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող և զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (աշխարհազորային) համարվող աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ սահմանելու անհրաժեշտությամբ:
Նախագծով նախատեսվում է աշխարհազորային համարվող աշխատողների աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանությունն ապահովելու նպատակով՝ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում այդ աշխատողների համար սահմանել աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ (աշխատատեղի պահպանում և վարձատրության կազմակերպում): Այս նպատակով Նախագծով նաև նախատեսվում է առաջարկվող իրավական կարգավորումներին տալ հետադարձ ուժ՝ դրանք տարածելով 2016 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է աշխարհազորային համարվող աշխատողների աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանության ապահովում՝ 2016 թվականի ապրիլի 1-ից հետո կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում այդ աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքների (աշխատատեղի պահպանում և վարձատրության կազմակերպում) սահմանմամբ: