տուն Լուրեր Սոցապ նախարարը պնդում է` պետական պաշտոնյաների երեխաները եւս ծառայում են բանակում. տեսանյութ

Սոցապ նախարարը պնդում է` պետական պաշտոնյաների երեխաները եւս ծառայում են բանակում. տեսանյութ

106
0

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի պնդմամբ`  մեծ ծավալի աշխատանքներ են տարվել` ապրիլյան պատերազմի օրերին զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելու ուղղությամբ: «Այս ընթացքում օժանդակություն ցուցաբերվել են թե՛ պետական մարմինների, թե՛ տեղական ինքնակառավարման մարմիների, թե՛ տարբեր կազմակերպությունների եւ սովորական քաղաքացիների կողմից, սակայն խնդիրն ունի համակարգային լուծման կարիք»,- լրագրողներին ասաց նախարարը:

Հետևաբար, նախարարն ասաց` իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների եւ վարչապետի առաջարկությունների հիման վրա գրավոր հանձնարարականներ կտրվեն բոլոր պատկան մարմիններին` իրենց գործառույթների եւ ծրագրերի շրջանակներում խնդիրներին լուծում տալու նպատակով: Բացի դա` նախատեսվում է լիարժեք կերպով գործարկել սոցիալական աշխատողի ինստիտուտը:

«Մենք վերջին տարիներին իրականացնում ենք սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման աշխատանքները, որը ենթադրում է յուրաքանչյուր խնդիր ունեցող ընտանիքի կարիքի գնահատում եւ գնահատված կարիքի հիման վրա թե՛ պետական, թե՛ ոչ պետական ռեսուրսների համակարգված նեգրավմամբ խնդիրների համապարփակ լուծում»,- պարզաբանեց Արտեմ Ասատրյանը: Լրագրողի հարցին` ինչպե՞ս է ստացվել, որ զոհված զինծառայողների մեծ մասը սոցիալապես անապահով ընտանիքներից են, նախարարն ասաց. «Ես չեմ կարծում, որ իրավիճակն այդպիսին է, մեր բոլոր-բոլոր ընտանիքների զավակներն էլ իրենց պարտքը կատարում են իրենց հայրենիքի հանդեպ»:

Նախարարը, չնայած չկարողացավ անուններ նշել, բայց վստահեցրեց` գիտի բազմաթիվ պետական պաշտոնյաների որդիների, որոնք ծառայում են հայոց բանակում:

Առավել մանրամասն` տեսանյութում:

Շողիկ Գալստյան