Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չի բացառում ժողովրդագրության իրավիճակի բարելավման 2016-2018 ազգային ծրագրով առանց կանխավճարի բնակարան տրամադրելու բաղադրիչը: Այս մասին նա նշել է այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Ես կուզենայի որպեսզի հստակեցնենք` ինչ հարց ենք քննարկում: Խնդիրը վերաբերում է «Ժողովրդագրության իրավիճակի բարելավման 2016-2018 ազգային ծրագրի» նախագծին: Պետք չէ հակադրություն փնտրել կառավարության կողմից իրականացվող եւ իրականացվելիք ծրագրերի միջեւ, մենք մի դեպքում գործ ունենք գործող ծրագրի հետ, որը 2010 թվականից գործում է: Շուրջ 2000 ընտանիքի ապահովել է բնակարանով: Մյուս կողմից մենք խոսում ենք «Ժողովրդագրության ազգային ծրագրի» մասին, որը սահմանված ընթացակարգով քննարկվում է: Մենք ԱԺ հանձնաժողովներում վերջին լսումներից հետո արդեն ստացել ենք որոշակի առաջիկություններ, որոնք ներկայումս քննարկումների փուլում են գտնվում, դրա հիման վրա լրամշակված նախագիծը ներկայացվել է կառավարությանը»,-նշեց նախարարը:
Ինչ վերաբերում է առանց կանխավճարի բնակարան տրամադրելու տարբերակին, նախարարն ասաց. «Ես կարծում եմ, որ պետք չի` որեւէ դրույթ վերցնել եւ քննարկման առարկա դարձնել: Եթե ուշադիր նայեք այդ նախագիծը, դրա մեջ ներառված մասնավորապես բնակարանային ապահովության ծրագիրն ունի 5 ենթաբաղադրիչ եւ եւ այդ 5 ենթաբաղադրիչները տարբեր շահառուների են վերաբերում»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով, առանց կանխավճարի բնակարանային ապահովման դրույթը ընդամենը մեկ էլեմենտն է. «Դուք խոսում եք մեկ էլեմենտի մասին, մենք խոսում ենք սոցիալական բնակարանային ապահովման մասին: Ծրագիրն ունի իր կառուցակարգերը եւ էս դեպքում պետության դերն է էական դառնում, պետությունն է ապահովում Ձեր նշած այդ կանխավճարի խնդիրը: Հիմա գործ ունենք մի ծրագրի հետ եւ պետությունը ձեւավորելով սոցիալական բնակարանային ֆոնդ, դրա իրավունքը փոխանցում է շահառուներին՝ համապատասխան վճարումներ անելու դեպքում»:
Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ, ծրագիրը բաց է շահառուների համար եւ նրանք կարող են ծանոթանալ բաղադրիչների հետ, բայց թե որ ենթաբաղադրիչը ինչպես է գործելու դրա հետ կապված դեռ կտրամադրվի տեղեկատվություն, երբ ծրագիրն արդեն հաստատվի: Նախարարը նշեց, որ կան շահառուներ, որոնց համար խնդրահարույց է ցանկացած վճարում եւ իրենք առաջարկում են դրա լուծման մեխանիզմները: «Առաջիկա մեկ ամսվա ընթացքում եթե լինի կառավարություն ներկայացրած լրամշակված վերջնական նախագիծը, կխոսենք բոլոր բաղադրիչների մասին մանրամասն»,-հավելեց նախարարը՝ չբացառելով, որ առանց կանխավճարի բնակարանային ապահովման բաղադրիչի ներառումը ծրագրում: