Արդեն մի քանի օր է՝ լրատվամիջոցները գրում են՝ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի պատմամշակութային տարածքում շինաշխատանքներ են: Փորձեցինք զրուցել Օրգով համայնքի ղեկավար Արայիկ Մանուկյանի հետ, սակայն նա ասաց՝ գյուղում ջրատարի խնդիր է առաջացել, հիմա դրանով են զբաղված: Կավարտի աշխատանքը, կապ կհաստատի մեզ հետ:
Ի՞նչ անելիք ունի մշակույթի նախարարությունը: Փոխնախարար Տիգրան Գալստյանը Araratnews.am-ին ասաց՝ հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի հետ գնում են Ամբերդ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ շինաշխատանքներն Ամբերդի հուշարձանի արգելոց տարածքից դուրս են: «Բացի արգելոց տարածքից, կա նաև հուշարձանի պահպանման գոտի, որի մեջ 2013 թ.-ից շինաշխատանքների վայրը չի մտնում»,- ասաց գործադիր մարմնի անդամը:
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ գոյություն ունի «հնագիտական շերտեր» հասկացությունը: «Եթե պատկան մարմինները պարզեն, որ շինաշխատանքները հասել են հնագիտական շերտերին, շինարարությունը կդադարեցվի»,- ասաց փոխնախարարը:
Տիգրան Գալստյանի խոսքով՝ միակ լուծումը շինաշխատանքների տարածքը գերակա շահ ճանաչելն է, քանի որ օրենսդրական այլ լուծում օրինական շինթույլտվությունը կասեցնելու չկա:
Ըստ տեղեկությունների՝ շինթույլտվություն ունեցողը հուշարձանների պահպանության գործակալության Արագածոտնի մարզի ներկայացուցիչն է, որը ցանկանում է այդ տարածքում սննդի օբյեկտ կառուցել: Փոխնախարարը չգիտի՝ հավաստի՞ է տեղեկությունը, թե՞ ոչ, սակայն ասաց. «Սննդի օբյեկտը վատ չէ արգելոցի տարածքում: Եթե այն չի խոչընդոտում հուշարձանի տեսողական ընկալմանը, կարող են կառուցել: Կոլիզեյի կողքին կան, օրինակ՝ սննդի օբյեկտներ, որոնք չեն խանգարում նրան»:
Հ.Գ. Հետաքրքիր կլիներ լսել մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի բացատրությունը, թե ինչու կամ ում համար են շինաշխատանքների վայրը դուրս թողել հուշարձանի պահպանվող գոտուց, տարածքում չկա՞ն հնագիտական շերտեր, քանի որ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը դժվարացավ հարցին պատասխանել:
Սոնա Դավթյան