Գրոհայինները, որ գործում են Իրաքի ու Սիրիայի տարածքում, ֆինանսավորվում են մերձավորարևելյան տարածաշրջանի որոշ երկրներից, որոնցից որոշները մտնում են ԱՄՆ-ի հակաահաբեկչական կոալիցիայի մեջ: Այս մասին MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին:
«Մենք արդեն միավորել ենք, ընդհանուր առմամբ, շուրջ 50 երկիր: Սակայն, եթե խոսենք միայն տարածաշրջանի մասին, ապա մեզ են միացել Սաուդիան Արաբիան, Կատարը, ԱՄԷ-ն, Հորդանանը, Բահրեյնը, Օմանը, Քուվեյթը», — նշել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով հումանիտար ճգնաժամ է առաջացել Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:
Միջազգային իրավապաշտպանների հավաստմամբ՝ վտանգի տակ է հայտնվել տեղի շիա մահմեդականների, քրիստոնյաների ու եզդիների կյանքն ու անվտանգությունը: Ծայրահեղականներն ուղղակիորեն «սրբազան» պատերազմ են հայտարարել արևմտյան աշխարհին: Ի պատասխան դրան ԱՄՆ-ի օդուժը օգոստոսի 8-ից պարբերաբար օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին՝ օգտագործելով F-16 կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: