Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գնահատելով ռուսական զինուժի հաջողությունը Սիրիայում, նշել է, որ սիրիական բանակին հաջողվել է ազատագրել 500 բնակավայր և 10,000 քառակուսի կիլոմետր տարածք, հայտնում է «Վզգլյադ» պարբերականը:
«Սիրիայում ահաբեկչությանը հասցվել է հուժկու հարված: Քայքայվել է ահաբեկիչների ռազմական, նյութական, տեխնիկական և ֆինանսական ենթակառուցվածքը, ոչնչացվել են նրանց ուսումնամարզական ճամբարները և զինապահեստները: Ռուսական օդուժի աջակցությամբ սիրիական զորքերն ազատագրել են 500 բնակավայր և 10,000 քառակուսի կիլոմետր տարածք»,- ասել է Շոյգուն:
Ռուսաստանի պաշտպանության նախարարը նաև ընգծել է, որ ռուսական զինուժը ակտիվորեն թիրախավորել և ոչնչացրել է «Իսլամական պետության» նավթային մատակարարման ուղիները: Շոյգուն հավելել է, որ քննադատները ցանկանում էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումը։
«Շատերը ցանկանում էին, որպեսզի նախագահ Ասադը հեռանա, բայց մենք տեսանք, որ Լիբիայում ` Մուամար Քադաֆիի, իսկ Իրաքում`Սադամ Հուսեյնի, տապալումը չկանխեց ահաբեկչության տարածումը, փոխարենն այն նպաստեց ծայրահեղականության աճին»,- ասել է Սերգեյ Շոյգուն: