տուն Քաղաքական Միջազգային Սիրիացի քրդերը բացառում են իրենց առնչությունն Անկարայում տեղի ունեցած պայթյունին

Սիրիացի քրդերը բացառում են իրենց առնչությունն Անկարայում տեղի ունեցած պայթյունին

68
0

Iraqi FreedomՍիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ ակտիվ ռազմական գործողություններ իրագործող սիրիացի քրդերի Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) համանախագահ Սալիհ Մուսլիմը հայտարարել է, որ երեկ Անկարայում իրագործված ահաբեկչական պայթյունի հետ ոչ PYD-ն, ոչ էլ սիրիացի քրդերի Ժողովրդական պաշտպան ուժեր (YPG) կազմակերպությունը որեւէ առնչություն չունեն:

Այս մասին Սալիհ Մուսլիմը հայտարարել է ֆրանսիական AFP-ին տված հարցազրույցում:

Նա ասել է, որ Անկարայի կողմից առաջ քաշվող պնդումներն այն մասին, թե Անկարայի պայթյունն իրագործած Աալիհ Նեջար անունով անձը կապեր է ունեցել PYD/YPG-ի հետ, չի համապատասխանում իրականությանը:

«Մեր կազմակերպությունները Սալիհ Նեջար անունով մեկին չեն ճանաչում: Այդ միջադեպը ոչ մի կապ չունի ոչ PYD-ի, ոչ էլ YPG-ի հետ: Մենք չենք միջամտում Թուրքիայի ոչ մի գործին», -ասել է նա:

Անկարայում պայթունից ժամեր անց Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ու արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն շտապել են հայտարարել, որ պարզել են ահաբեկչություն իրագործած անձի ինքնությունը, դա Սիրիայի քաղաքացի Սալիհ Նեջարն է, որը սերտ կապեր է ունեցել PYD/YPG-ի հետ:

YPG-ի հրամանատարությունը եւս հայտարարել է, որ որեւէ կապ չունեն Անկարայում տեղի ունեցած հարձակման հետ: YPG-ն համոզմունք է հայտնել, որ նման հայտարարություններով պաշտոնական Անկարան հող է պատրաստում Սիրիայի եւ Ռոջավայի (սիրիական Քուրդիստան) վրա ռազմական հարձակում գործելու համար:

Քուրդիստանի հասարակությունների միության (KCK, Իրաք) վարչական խորհրդի համանախագահ Ջեմիլ Բայըքը եւս հայտարարել է, որ իրենց հայտնի չեն Անկարայում պայթյունի հեղինակները:

Firat գործակալությանը տված հարցազրույցում Բայըքըն ասել է. «Չգիտենք դա ով է արել: Բայց դա կարող է Քուրդիստանում կոտորածների վրեժ լինել»:

Թուրքական DemokratHaber կայքը հայտնում է, որ Դավութօղլուի Անկարայի ահաբեկչության հեղինակ նշած` Սիրիայից փախստական Սալիհ Նեջարը 2014 թվականին Թուրքիայում ոստիկանության կողմից ձերբակալված է եղել ինչ որ հանցագործություն կատարելու համար, եւ նրա լոսւանկարն ու այլ տվյալներ գրանցված են անվտանգության մարմիններում:

Անցած գիշեր Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետեւանքով 28 մարդ սպանվել, որից 20-ը բարձրաստիճան զինվորականներ, 61 մարդ էլ վիրավորվել են: