Թուրքիան պահանջել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում կազմակերպված լուսանկարների ցուցահանդեսից հեռացնել Էրդողանին քննադատող ցուցանմուշը: Թուրքական ընդդիմադիր «Zaman» թերթի կյաքի տեղեկացմամբ՝ քուրդ — հայկական ծագմամբ լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզը, ով 2005թ. հրաժարվել է Թուրքիայի քաղաքացիությունից, Ժնևում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակի շենքի դեմիաց լուսանկարների ցուցահանդես է կազմակերպել:
Ցուցահանդեսում ընդգրկվել է նաև մի պաստառ, որտեղ պատկերված է 2013թ. Ստամբուլի ԳԵզի զբոսայգում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ սպանված Բերքին Էլվանը: Պաստառում տեղ է գտել նաև մի գրություն, որով Էլվանի սպանության համար մեղադրվում է ոստիկաններին համապատասխան հրահանգներ տված Էրդողանը:
Շվեյցարիայում Թուրքիայի դեսպանատունը հայտարարել է, որ թեև իրենք հարգում են արվեստագետների ազատությունը, սակայն լուսանկարը անարդար և ոչ ճիշտ կերպով քննադատում է Էրդողանին:
Ժնևի քաղաքային խորհուրդը ևս հանդես գալով թեմայի վերաբերյալ հայտարարությամբ՝ նշել է, որ ցուցահանդեսը կշարունակվի մինչև մայիսի 1-ը: «Լուսանկարների ցուցադրությունը խոսքի ազատության դրսևորումներից մեկն է և ի ցույց է դնում այն փաստը, որ Ժնևը մարդու իրավունքների մայրաքաղաքն է», — ասված է հայտարարությունում:
Իսկ ցուցահանդեսի հեղինակ Դեմիր Սյոնմեզը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ինքը բոլորովին զարմացած չէ Թուրքիայի այս պահանջից: «Թուրքիան կրակել է սեփական ոտքին», — նշել է լուսանկարիչը: