«Ֆորմուլա-1» դասի միակ յոթնակի չեմպիոն Միխայել Շումախերը, որը գլխուղեղային լուրջ վնասվածքից հետո արդեն շուրջ 5 տարի գտնվում է կոմայի մեջ, սկսում է ապաքինվել: Բրիտանական ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ նախկին ավտոմրցարշավորդը այլևս գամված չէ անկողնուն և թոքերի արհեստական օդափոխման կարիք չունի: Ինչպես նաև նա կարող է գեղեցիկ բնություն տեսնելիս և մտերիմ մարդկանց ձայնը լսելիս արտահայտել իր հույզերը:
Լրագրողներին հաջողվել է ներթափանցել Շվեյցարիայում Ժնևի լճի ափին գտնվող առանձնատան տարածք, որտեղ նախկին ավտոմրցարշավորդը իր ընտանիքի շրջապատում թանկարժեք բուժում է ստանում:
Հաղորդվում է, որ չնայած մարզիկի առողջական վիճակի լավացմանը, նրա բուժումը դեռ շաբաթական արժենում է 50 հազար եվրո:
«Երբ մենք նրան նստեցնում ենք հաշմանդամի սայլակին և առանձնատնից դուրս ենք բերում՝ ցույց տալով լեռների և լճի հիանալի համայնապատկերը, Միխայելը երբեմն լալիս է»,- ասել է հրատարակության աղբյուրը: Իսկ իտալական Corriere della Serra թերթը նաև պնդում է, որ Շումախերը երբեմն լալիս է իր երեխաների և կնոջ ձայները լսելիս:
Հիշեցնենք, որ Շումախերը տրավման ստացել էր 2013-ի դեկտեմբերի 29-ին, երբ լեռնային դահուկներով սահելիս թռել էր սահուղուց և գլխով ուժեղ հարվածել: