Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ակնկալում է, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման նորմանդյան ձևաչափի մասնակիցները՝ Դոնբասում զինադադարի մասին նոր պայմանավորվածությունների և «Մինսկ-2»-ը իրականացնելու ճանապարհային քարտեզի փուլային մշակման ֆոնին՝ կվերսկսեն լիարժեք աշխատանքը: Այս մասին արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հայտարարել է Վարշավայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
«Հուսով եմ` մեր այցելությունը Ուկրաինա օգնել է ոչ միայն իրավիճակը հանդարտեցնելուն, այլև հետագա կարգավորման ուղի հարթելուն, հանգեցրել այն բանին, որ մենք նորմանդյան ձևաչափով վերադառնանք Մինսկի պայմանավորվածությունների իրականացմանը»,- ասել է Շտայնմայերը: