Մարդիկ իռացիոնալ սուբյեկտներ չեն և, եթե բողոքում են «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ, ուրեմն Կառավարության կողմից հորջորջված բարի մտադրություններն այդքան էլ բարի չեն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով օրենքի աննպատակահարմարությունից, նման կարծիք հայտնեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը: Վերջինս դիտարկեց օրենքը երեք տեսանկյունիցˋ տնտեսական, սոցիալական և ինստիտուցիոնալ:
«Ինստիտուցիոնալ տեսանկյունից մեր հարկային օրենսդրությունը փոխկապակցված չէ: Ես պետական համակարգում ասվածների և արվածների միջև տարբեր ուղղություններ եմ տեսնում: Եթե կառավարությունն ընդունում է, որ հիմնական խնդրահարույցները խոշորներն են, ապա հարց է առաջանում, թե ինչու են փորձում այդ ստվերը կարգավորել ՓՄՁ-ների միջոցով»,-նկատեց տնտեսագետը:
Ինչ վերաբերում է հարկը 3,5-ից 1 % իջեցնելու մասին, ապա այս առնչությամբ բանախոսն ընդգծեց, որ իրականում շրջանառության հարկը նախկինում եղել է ոչ թե 3,5 այլ 2-2,5 %, ուստի ստացվում է, որ այն ոչ թե իջնում է 2 տոկոսով, այլˋ 1:
«Կառավարությունը փորձում է պայքարել ստվերի դեմ, մինչդեռ պետք է նշել, որ խոշորացված սուբյեկտների նկատմամբ հսկողության մեխանիզմներ սահմանելն ավելի հեշտ է, քան գերփոքր սուբյեկտների: Որոշ սուբյեկտների համար 2-ից, 1 % փոփոխությունը դրական է, բայց կարևոր գործոնն այն է, որ փոքր և միջին ձեռնարակատերերը փաստաթղթավորման հետ կապված լրացուցիչ վարչական բնույթի ծախսեր են կրելուˋ ի տարբերությունը խոշորի: Այս ծախսերը ներառելու են ժամանակային, պայմանագրային, ինչպես նաև հաշվապահի համար նախատեսված ծախսեր, որոնք շատ ՓՄՁ-ների անկման կտանեն»,-եզրափակեց տնտեսագետը:
Վարդուհի Ստեփանյան