Շոտլանդիայի բնակիչները կքվեարկեին անկախության օգտին, եթե այդ հարցով հանրաքվեն անցկացվեր մոտակա օրերին: Այս մասին են վկայում քվեարկությունից 6 շաբաթ հետո անցկացված սոցհարցման արդյունքները: Նման տեղեկություն է փոխանցում բրիտանական The Guardian-ը:
Սոցհարցումն անցկացվել է YouGov-ի և Times-ի համատեղ ջանքերով հոկտեմբերի 27-30-ը: Այն ցույց է տվել, որ Շոտլանդիայի բնակիչների 52% կողմ են երկրամասի անկախությանը, իսկ 48%-ը չի կիսում այդ կարծիքը:
Հաշվի առնելով չկողմնորոշվածների կամ քվեարկությանը չմասնակցողների քանակը՝ կարելի է ենթադրել, որ ձայները կբաշխվեին 49%-ը 45%-ի հարաբերակցությամբ:
Ընդ որում, հարցվածների 40%-ը կարծում է, որ նոր հանրաքվե կանցկացվի առաջիկա 10 տարիների ընթացքում, մինչդեռ 16%-ը չի ցանկանում երբևէ նոր քվեարկության մասնակցել:
Հիշեցնենք, որ Միացյալ Թագավորությունից Շոտալանդիայի անկախացման հարցով հանրաքվեն անցկացվել է սեպտեմբերի 18-ին: Անկախությանը դեմ է արտահայտվել քվեարկությանը մասնակցածների շուրջ 55%:-ը: