տուն Լուրեր Շիրակում 12 ներառական դպրոց վերանորոգվում է

Շիրակում 12 ներառական դպրոց վերանորոգվում է

109
0

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների համընդհանուր ներառման գործընթացին ընդառաջ» ծրագրի շրջանակում Շիրակի մարզի ներառական դպրոցներում կատարվում են վերանորոգման աշխատանքներ:

Գերմանական «Կարիտասի» ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրը մեկնարկել է 2017 թվականի փետրվարի 1-ից: Ծրագիր ընդգրկել է Շիրակի մարզի 12 դպրոց, որոնցից 6-ը՝ Գյումրիում: Դպրոցների առաջնահերթ խնդիրները բացահայտվել են ներառման ինդեքս գործիքի միջոցով: «Եթե դպրոցն ունի հաշմանդամություն ունեցող աշակերտ, բայց մատչելի չէ, այս ծրագրի շրջանակում փորձում ենք այդ մատչելիությունն ապահովել:

Եթե դպրոցն ունի թեքահարթակ ու հարմարեցված սանհանգույց, մենք տվյալ դպրոցին տրամադրում ենք հարմարեցված գույք՝ հաշմանդամություն ունեցող աշակերտների կարիքին համապատասխան, իսկ եթե դպրոցն ունի թեքահարթակ ու հարմարեցված սանհանգույց, ապա տրամադրում ենք նաև դիդակտիկ պարագաներ ու նյութեր, որոնք կօգնեն տվյալ դպրոցների բազմամասնագիտական թիմերին աշխատել երեխաների հետ»,- Արմենպրեսին  տեղեկացրել է ծրագրի ղեկավար Լիլիա Համբարձումյանը՝ փաստելով, որ 7 դպրոցում վերանորոգվել են սանհանգույցներ, 4 դպրոցում տեղադրվել են թեքահարթակներ, 5 դպրոցում վերանաորգվել է ռեսուրս-սենյակ: Տվյալ դպրոցներին տրամադրվել են նաև դիդակտիկ պարագաներ ու նյութեր: Դպրոցներում աշխատանքները նախատեսված են ավարտել մինչև սեպտեմբերի 15-ը: