«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի ներկայցրած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում 2019 թվականի հունվարի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ Շիրակի մարզում անօթևան քաղաքացիներին բնակարաններ բաշխած պետական մարմինների համապատասխան աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու փաստերի առթիվ: Այս մասին հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից:
Տվյալներ են ստացվել նաև, որ մի քանի շենքերի՝ տարբեր հասցեների փլուզված մի քանի բնակարաններում հաշվառված են եղել թվով 5-6-ական քաղաքացիներ, ինչի արդյունքում, 1990-92թթ. նույն այդ հասցեների բնակարանների դիմաց Գյումրի քաղաքում ստացել են տարբեր բնակարաններ:
Քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2019թ. մայիսի 3-ին նշված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել Գյումրի համայնքի տնակների ապամոնտաժման և տարածքների ազատման փաստը հավաստող մշտական հանձնաժողովում տարբեր տարիներին ընդգրկված 4 պաշտոնատար անձանց.
2009 թվականից Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետի պաշտոնն զբաղեցնող Տ.Հ.-ին (երեք դրվագ),
2012թ. հոկտեմբերի 12-ից մինչև 2016թ. դեկտեմբերի 21-ը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային գույքի հաշվառման և կառավարման բաժնի պետի պաշտոնն զբաղեցրած Ա.Դ.-ին՝ (մեկ դրվագ),
2010թ. օգոստոսի 2-ից մինչև 2013թ. նոյեմբերի 15-ը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային գույքի հաշվառման և կառավարման բաժնի մասնագետի պաշտոնն զբաղեցրած Լ.Հ.-ին՝ (երեք դրվագ),
2002թ. մինչև 2017թ.Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային գույքի հաշվառման և կառավարման բաժնի մասնագետ Ա.Ի.-ին (երեք դրվագ):
Մեղադրանքներն առաջադրվել են այն բանի համար, որ որպես Գյումրի համայնքի տնակների ապամոնտաժման և տարածքների ազատման փաստը հավաստող մշտական հանձնաժողովի անդամներ, հանդիսանալով պաշտոնատար անձինք, անձնական այլ դրդումներով և խմբային շահերից ելնելով՝ 2011թ մարտ և հունիս ամիսներին, 2013թ. հունվար ամսին, միմյանց հետ նախնական համաձայնությամբ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող տարածքի ազատման ակտերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկատվություններ և, կազմելով կեղծ փաստաթղթեր, դրել շրջանառության մեջ՝ հանձնել ՀՀ քաղաքաշինության նախարարություն։
Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: