տուն Լուրեր Շիրակի մարզպետի աշխատակիցը՝ Շիրակի մարզպե՞տ

Շիրակի մարզպետի աշխատակիցը՝ Շիրակի մարզպե՞տ

75
0

OLYMPUS DIGITAL CAMERA

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն, այսօր Araratnews.am-ի հետ զրույցում չէր բացառել, որ ՀՅԴ- ՀՀԿ համագործակցության մասին տեղեկատվությունը պաշտոնական տեսք կստանա՝ ստորագրվելիք հուշագրով: Վարդանյանը նաեւ նշել էր, որ ՀՅԴ-ին կտրվեն նախարարակական երեք պորտֆելներ, ինչպես նաեւ մարզպետի երկու պաշտոն:

ՀՅԴ-ն կստանձնի Շիրակի մարզպետի պաշտոնը: Ըստ շրջանառվող տեղեկությունների Շիրակի մարզպետ կնշանակվի մարզպետարանի դաշնակցական աշխատակից Հովսեփ Սիմոնյանը: Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետի ընտրություններում նա պայքարում էր այդ ժամանակ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի դեմ: Ընտրվեց սակայն Բալասանյանը, իսկ Սիմոնյանը շարունակեց իր աշխատանքը՝ Շիրակի մարզպետարանում:

Araratnews.am-ի հետ զրույցում Հովսեփ Սիմոնյանը նշեց, որ իր մարզպետ նշանակվելու մասին հստակ տեղեկություններ չունի, բացի այդ՝ որոշումը կայացնելու է ՀՅԴ ԳՄ-ն: «Մեզ հետ որեւէ քննարկում չեն արել: Այդ առումով կուսակցությանն է վերապահված ներկայացնելու թեկնածուին: Մենք չգիտենք, ում են ներկայացնելու, երբ վերջնական որոշեն՝ մեզ հետ էլ կքննարկեն»,- ասաց Հովսեփ Սիմոնյանը: Հարցին, թե Երեւանո՞ւմ են որոշելու՝ ով է ղեկավարելու Շիրակի մարզը, Սիմոնյանը նշեց, որ նախընտրում է Երեւան բառը չօգտագործել, քանի որ իրենք ունեն Գերագույն Մարմին, մարզային կառույցներ, որտեղ էլ կքննարկվի հարցը:

Մեր հաջորդ հարցին, թե անձնապես պատրա՞ստ է ղեկավարել Շիրակի մարզը, նկատի ունենալով, որ մարզում բազմաթիվ խնդիրներ կան, Հովսեփ Սիմոնյանը նշեց՝ քանի դեռ չկա վերջնական որոշում, ինքը չի ցանկանում մեկնաբանել: «Դուք ինձ հարց եք տալիս, բայց ես չգիտեմ՝ այդ առաջարկությունը ինձ կլինի՞, թող հրապարակեն, ես չգիտեմ»,- ասաց Սիմոնյանը, մեկ անգամ եւս խորհուրդ տալով սպասել ՀՅԴ ԳՄ որոշմանը: