տուն Քաղաքական Վերլուծական Շինարարություն ոլորտի ճգնաժամի հետագա շարունակման հետևանքները

Շինարարություն ոլորտի ճգնաժամի հետագա շարունակման հետևանքները

228
0

Շինարարություն

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ շինարարության ոլորտը 2014թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 95,6 %-ը, ինչը նշանակում է, որ շինարարության ոլորտը 2009թ. սկսած դուրս չի գալիս տնտեսական ճգնաժամից:

Շինարարությունը ունի կարևոր նշանակություն ՀՀ տնտեսության համար, քանի որ շինարարության գրեթե ամբողջ ցիկլը իրականացվում է տեղական հումքի վրա, հետևաբար ՀՀ տնտեսության ճյուղերից շինարարությունը ունի ամենամեծ մուլտիպլիկացիոն էֆեկտը:
2008թ. շինարարությունը կազմում էր ՀՀ տնտեսության 24 %-ը, իսկ 2013թ. այն ընդամենը տնտեսության 7 %-ն է: Այն փոփոխվել է, թե ծավալային, թե կառուցվածքային առումով՝ եթե 2008-ին շինարարության ոլորտի ֆինանսավորման 70%-ը կատարվում էր բնակչության միջոցների հաշվին, ապա 2013-ին այդ ցուցանիշը կազմում էր 28,9 %:

Շինարարության ճգնաժամի պատճառ դարձավ բնակարանների անընդհատ աճող գները, որի հետևանքով շինարարության շահութաբերության աստիճանը բարձրացավ և տնտեսության այլ ճյուղերից սկսվեց ներդրումների հոսքը դեպի շինարարության ոլորտ, որը հանգեցրեց այդ ճյուղերի աճի դանդաղմանը:

Շինարարության պիկի հետևանքով շինարարության ինքնարժեքը 1 ք. մ. համար 300 դոլարից հասավ մինչև 500 դոլարի՝ գրեթե բոլոր շինարարական նյութերի թանկացման արդյունքում:

Շինարարության ինքնարժեքի թանկացման և Երևանի ակտիվ թաղամասերի չափից ավելի վերակառուցման հետևանքներով այսօր արվարձաններում շինարարություն անելը տնտեսապես ձեռնտու չէ:

Շինարարական ոլորտի 5 տարի ձգվող ճգնաժամի հետևանքով շուկայից դուրս են մնացել մի շարք շինարարական և հարակից ճյուղերի կազմակերպություններ մրցակցությանը չդիմանալով: Ճգնաժամի հետագա շարունակումը իր մեջ պարունակում մեծ ռիսկեր կապված տեխնոլոգիաների զարգացման հետ: Տեխնոլոգիաների թույլ զարգացման հետևանքով հնարավոր է ձախողվեն շինարարական բարդ կառուցվածքային ծրագրերը ՀՀ-ում կամ պարզապես հայկական կազմակերպությունները անմրցունակ գտնվեն օտարերկրյա կազմակերպությունների հետ համեմատ, ինչը տեղի ունեցավ «հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության հետ կապված:
ՀՀ կառավարությունը շինարարության ոլորտի խթանման համար իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղակի և անուղղակի մեխանիզմներով: Պետությունը վճարել է երիտասարդ ընտանիքների և քաղ. ծառայողների հիփոթեքային վարկերի տոկոսադրույքի մի մասը, նվազեցրել է հարկային ճնշումը շինարարական կազմակերպությունների հանդեպ, իսկ մեկ ամիս առաջ էլ օրենք ընդունվեց քաղաքացիների եկամտայի հարկի զեղչման մասին՝ հիփոթեքային վարկի տոկոսադրույքի չափով: Չնայած գործադրված ջանքերին դեռ չի հաջողվում շինարարական ոլորտը դուրս բերել ճգնաժամից:

Շինարարության ոլորտի ճգնաժամի հաղթահարմանը կարող է օգնել զբոսաշրջության ոլորտի զարգացումը: Հարկավոր է արգելել հյուրանոցների և հոսթելների հիմնումը Երևանի ակտիվ համայնքներում և խրախուսել նրանց կառուցումը քաղաքի արվարձաններում և Երևանից դուրս:

Հայկ Մարտիրոսյան