Երկրում կա ժողովուրդ, որը շատ հստակ, բոլոր մանրամասներով գիտի, թե ինչ է պետք անել, եթե հանկարծ երբևէ որևէ իշխանություն ՀՀ-ում փորձի լկտիանալ. Հանրապետության հրապարակում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Վաղը մայիսի մեկն է, և չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի և նրա մայրաքաղաք Երևանի վրա, կարծես վաղը տեղի է ունենալու ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը»,- ասաց վարչապետի թեկնածուն:
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանին և սփյուռքին հաջողեց վերջին 15 օրերի ընթացքում մեր երկիրը դարձնել աշխարհի ամենաքննարկվող թեմաներից մեկը. «Հիմա Հայաստանն այլևս մոռացված և հեռավոր անկյուն չէ, մեր երկիրը մի տեղ է, որտեղ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք զարմացնում, հիացնում, սովորեցնում են և որոնք մտածելու տեղ են տալիս աշխարհին: Ահա սա է մեր պատկերացրած Հայաստանը, հայ ժողովուրդը, որը գտել է իր ստեղծարար ոգին, ուժը, որը գտել է ստեղծարար էությունը և այլևս երբեք չի կորցնելու»:
Փաշինյանը հիշեցրեց, որ այսօր պաշտոնապես «Ելք» խմբակցության կողմից առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու. շատ մեծ է հավանականությունը, որ վաղը ժողովրդի կողմից ներկայացված թեկնածուն կընտրվի վարչապետ:
«Բացարձակապես էական չէ, թե ով կլինի ՀՀ վարչապետ, էականն այն է, որ կա երկրի ղեկը, իշխանությունը սեփական ձեռքը վերցրած ժողովուրդ, որովհետև ամենակարևորն այն է, որ երկրում կա ժողովուրդ, որը շատ հստակ, բոլոր մանրամասներով գիտի, թե ինչ է պետք անել, եթե հանկարծ երբևէ որևէ իշխանություն ՀՀ-ում փորձի լկտիանալ, հոտառությունը կորցնել և փորձի «տեղը չբերել» սեփական ժողովրդին»,- հայտարարեց Փաշինյանը: