Այս սրացումը ինչ-որ ձևով ի հայտ բերեց նաև մեր խնդիրները տեղեկատվական դաշտում: Եթե համեմատենք անցյալ տարվա օգոստոսի հետ, կտեսնենք, որ մեր տեղեկատվական դաշտն ինչ-որ առումով սկսում է հիշեցնել 2013 թվականը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Դաշտում այդ ժամանակ հայտնվեցին լրատվամիջոցներ, հիմա այդ միտումը կրկին նկատվում է: Ինչ-որ մարդիկ այդ դաշտ մտնում են նաև բիզնես նպատակներով: Բայց այդ ամենն արվում է անորակ: Հաշվի առնելով այն, որ նման կայքերում զոռբա մարդիկ են աշխատում և ակտիվ են ֆեյսբուքում, նման նյութերը բավական արագ սկսեցին տարածվել: Ահռելի քանակի տեսանյութեր տարածվեցին, թե հայերը պատժում են Ադրբեջանին, սակայն դրանց մեծ մասը Ուկրաինայի կոնֆլիկտից է վերցված»,- նշեց նա:
Այստեղ, սակայն, ըստ Սամվել Մարտիրոսյանի` «դեղամիջոցները» քիչ են:
«Վատն այն է, որ նման կայքերը սկսում են ստեղծել պահանջ` գրաքննություն մտցնելու, ինչին ես դեմ եմ: Զսպելու այդ գործիքը ի շահ ժողովրդի կաշխատի երկու շաբաթ միայն: Ամենաճիշտը մարդկանց հասցնելն է այն, որ տեղեկատվությունը սննդի պես մի բան է. եթե մեկը գնում է խանութ, նա չի գնի փչացած մթերք, նույնն էլ պետք է լինի տեղեկատվական դաշտում: Մարդը պետք է վստահի այն կայքերին, որոնք չեն խաբում: Եթե մարդը մի կայքում հինգ անգամ սխալ տեղեկություն է ստանում, տարօրինակ է, որ վեցերորդ անգամ նա մտնում է այդ կայք: Առավել ևս` եթե հղումը տրվում է չճշտված աղբյուրների վրա:
Այստեղ նաև հեշտությամբ ներս են մտնում ադրբեջանական կեղծ կայքերը: Առավել ակտիվ նրանք մինչև հիմա կարողանում են պահել մի կայք` Armeniareport.com: Վերջերս Vestiarmenii.info կայքը ստեղծվեց և անմիջապես տեղադրվեց մի տեսանյութ, որում, իբր, ականանետի հարվածներ է հասցվում Ադրբեջանին:
«Ադրբեջանցիները փորձում են բացահայտ սուտ լցնել իրենց ներքին դաշտ: Գիտենք, որ նրանք թաքցնում են իրենց բանակի կորուստները: Դա ժամանակավորապես ազդում է, բայց հաշվի առնելով, որ վերջին օրերին բավական մեծ է եղել նրանց կորուստները, մի օր դա կպայթի: Ադրբեջանական լրատվական դաշտը հիմա խիստ վերահսկելի է դարձել: Կարելի է ասել, որ այնտեղ այս պահին ընդդիմադիր լրատվամիջոց չկա: Սա բերել է նրան, որ ադրբեջանցի ընթերցողը վաղ թե ուշ գալիս է դեպի հայաստանյան մամուլ»,- նշեց փորձագետը:
Ըստ Սամվել Մարտիրոսյանի` կա նաև խնդիր կապված լրագրողների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետ :
«Շատ դեպքերում հայկական կայքերը պարզապես թարգմանում են ադրբեջանականների տված տեղեկությունը: Դասագրքային լրագրությունը ենթադրում է, որ պետք է առնվազն երկու աղբյուր գտնել: Շատ հարցեր մենք փորձում ենք տանել օրենսդրական դաշտ: Բայց բազմաթիվ հարցեր կարելի է լուծել ինքնակարգավորման մեթոդով: Հիմա հասունացել է նաև հասարակությանը կրթելու հարցը: Ի վերջո, եթե ունես անգրագետ լսարան, այն կենթարկվի մանիպուլացիաների անգամ ներքին դաշտում»,- եզրափակեց Մարտիրոսյանը: