տուն Լուրեր Շատ գրավիչ ու հետաքրքրաշարժ էին նրա խոսքը, գործողությունները. Կարեն Անդրեասյան

Շատ գրավիչ ու հետաքրքրաշարժ էին նրա խոսքը, գործողությունները. Կարեն Անդրեասյան

106
0

Կարեն

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ, ՀՀ նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի 14-րդ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակմանը՝ գրելով. «Հույս ու հավատ բերող ամեն նոր վարչապետ.

— Պետք է ասի, որ պետական ապարատի ծախսերը ուռճացված են` կրճատումն էլ սկսի ավիատոմսերից:
— Պետք է հենց կառավարության նիստերին տեղը դնի ու հրապարակայնորեն վերադաստիարակի իր ենթականերին:
— Հարկայինին ու մաքսայինին պետք է հատուկ ու կրկին հանձնարարի չնեղել փոքր ու միջին բիզնեսին:
— Պետք է խոստանա, որ բոլոր տնտեսավարողները գործելու են հավասար պայմաններում և չեն լինելու օլիգարխիկ մենաշնորհներ:
— Նորից ու նորից սկսի զարկ տալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին:
— Փոխարինի ոչ պրոֆեսիոնալ կադրերին լավ մենեջերներով` չմոռանալով հայտարարել վարչարարության լրիվ նոր մշակույթի մասին:

Այս ամենը պետք է արվի այնպիսի նոր դեմքով, ասես վերջին տասնամյակում նախկին վարչապետներից ոչ ոք լրիվ նույնը չի արել կամ խոստացել:

Չնայած` այս ամենի փոխարեն կոնկրետ քայլերի մի այլ ցանկ կա, որ որևէ վարչապետ պետք է անի, եթե իսկապես նոր է»: Թեմայի շուրջ Araratnews.am-ը զրուցեց Կարեն Անդրեասյանի հետ:

Ձեր գրառումից կարո՞ղ ենք ասել, որ որևէ բանով Կարեն Կարապետյանը չառանձնացավ նախկին վարչապետներից:

Զուտ մարդկային տեսանկյունից շատ գրավիչ ու հետաքրքրաշարժ էին նրա խոսքը, գործողությունները, բայց որպես փոփոխություններ, բարեփոխումներ` սկիզբը դեռ  նույնն  է:

Հանրությունն ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ:

Տեսականորեն կարող է շատ մեծ ակնկալիքներ ունենալ եւ զարմանալիորեն ունի այդ մեծ ակնկալիքները: Ընդ որում՝ զարմանալի, որ մարդիկ պատկերացնում  են՝ կարելի է առանց թշնամանալու, առանց ընդդիմանալու այս կոռումպացված համակարգին հնարավոր է` ինչ-որ բան փոխել: Ինչ վերաբերում է հույսերին, ես ինքս հույսով կշարունակեմ հետևել  այս կառավարության աշխատանքին եւ օբյեկտիվորեն կփորձեմ ներկայացնել բոլոր այն տեղերը, որտեղ այդքան էլ չեմ հավատում ասված խոսքի եւ  գործի համընկնմանը:

Կադրային փոփոխությունների հետ կապված ի՞նչ կասեք:

Թիմ ձևավորում են երեք չափանիշով. առաջին՝ լոյալություն, այսինքն՝ որքանով է քո թիմը, երկրորդ՝ կոմպետենտություն, այսինքն՝ ինչքանով է մարդն արհեստավարժ, եւ երրորդն ու ամենակարևորը, որը Հայաստանում գրեթե երբեք չի դիտվում որպես կարևոր չափանիշ` դա արժեհամակարգն է, սկզբունքները: Քանի որ իշխանությունը վերջին տասնամյակում նշանակում է մարդկանց, որոնք իրենց առաջնորդի հոնքի շարժումով են ձևավորում իրենց արժեհամակարգն ու սկզբունքները, հետևաբար, երրորդ չափանիշը չի գործում: Սպասենք, տեսնենք՝ արդյոք պարոն Կարապետյանը ձևավորո՞ւմ է իր կաբինետը բացառապես այդ կոմպետենտության եւ թիմայնության լոգիկայով, թե՞ նաեւ արժեհամակարգային եւ սկզբունքների լոգիկայով: Առայժմ տեսնում եմ, որ բիզնեսի սեփականատերերը փոխարինվում են բիզնեսի մենեջերներով, որպես, այսպես ասած, մաքրության նշան: Ինձ համար կարևոր է, ոչ թե ինչ են արել մարդիկ, այլ ինչպիսի՞ն են եղել իրենց տարբեր գործեր անելիս:

— Կառավարության կառուցվածքային փոփոխությունները, ըստ Ձեզ՝ ինչո՞վ են պայմանավորված:

Ես տրամաբանությունը հասկանում եմ, այսինքն՝ ինչպես նավը կոչես, այնպես էլ այն կլողա: Իմ Ֆեյսբուքում հրապարակած ցանկը լրիվ կհամալրվի, եթե վարչապետը մի բան էլ ավելացնի՝ Պետական եկամուտների կոմիտեն կարողանա նորից բաժանել: Բոլոր վարչապետները ՊԵԿ-ը կպցնում են եւ նորից բաժանում: Անընդհատ կոսմետիկ քայլեր են արվում, այդ տրամաբանության մեջ մի 4-5 նախարարություն պետք էր ընդհանրապես ոչնչացնել, որպեսզի բյուջեն թեթևանար, նման կառուցվածքային փոփոխությունից կարելի էր ուրախանալ:

Ո՞ր նախարարությունների մասին է խոսքը:

Կառավարության աշխատանքներին զուգահեռ ես կներկայացնեմ իմ պատկերացումները՝ որպես շարքային ընդդիմադիր: