«Ինձ շատ են ասում, թե վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթներից մեկում նշել է, որ մեր տնտեսական իրավիճակը բավականին բարդ է. այդ խոսքերը խնդրում եմ ընդունել որպես իրողություն, բայց դա բնավ չի նշանակում, որ մենք ապագայի նկատմամբ պետք է ձևավորենք բացասական սպասումներ: Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որը միայն Հայաստանի տնտեսությանը յուրահատուկ չէ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը:
Ասուլիսի ընթացքում նախարարը նշեց, որ մեծ կարևորություն է տալիս լրատվական դաշտին, և իրենց աշխատանքում կլինեն բաց ու թափանցիկ. «Մենք կունենանք ձևաչափ, որպեսզի այնպես չստացվի, որ լրատվական աշխարհն իմ գործընկերներին կամ ինձ միջանցքներում կամ փողոցներում փորձի որսալ: Մենք կլինենք ավելի բաց և ձեզ հետ կտանենք արդյունավետ աշխատանք»:
Վարդան Արամյանը նաև անդրադարձավ կենսաթոշակների բարձրացման խնդրին և նշեց. «Իրականում շատ դժվար է կենսաթոշակառուի աչքերին նայել և ասել, որ մենք խնդիրներ ունենք բյուջեի հետ, բայց մյուս կողմից` որպես տնտեսագետ և որպես ֆինանսիստ, ես կարծում եմ, որ ճիշտ չէ, որ մենք պարտք վերցնենք` թոշակ և նպաստներ տանք: Ավելի լավ է հիմնականում տնտեսական աճին ձեռնամուխ լինենք, որպեսզի տնտեսությունն աճի, դրանից հետո ադեկվատ, բնականաբար, կբարձրացնենք թոշակները և նպաստները»:
Մանրամասները տեսանյութով՝ քիչ անց: