Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 20-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Չոն Ուի Հվայի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Կողմերը քննարկել են խորհրդարանական համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ ծրագրերն ու նախանշել կոնկրետ պայմանավորվածություն՝ ՀՀ ԱԺ-ին Կորեայի խորհրդարանի կողմից սպասվող աջակցության և համագործակցության ծրագրի համար: Պարոն Չոն Ուի Հվան Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվել է հայ-ադրբեջանական խնդիրներով, Հայաստանում կրթության և տնտեսության առաջընթացով. հարցերի առնչությամբ ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է ծավալուն և սպառիչ տեղեկություններ:
Զրույցի ընթացքում Էդուարդ Շարմազանովը խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլի սկզբում սանձազերծված լայնածավալ ագրեսիայի, Ադրբեջանի գործողություններում նկատված ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության ձեռագրի մասին, ինչպես նաև ՀՀ-ում կրթության կազմակերպման և տնտեսության ներկա վիճակի մասին:
ՀՀ ԱԺ փոխնախագահը փաստել է, որ ՀՀ տնտեսության արագ զարգացման հիմնական խոչընդոտներից է Թուրքիայի իշխանությունների կողմից Հայաստանը փաստացի շրջափակման մեջ պահելը:
Կորեայի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել մանրամասն ներկայացված տեղեկությունների համար և վստահեցրել, որ Կորեայի խորհրդարանը կշարունակի սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հետ: