տուն Լուրեր Շարմազանովի ակնարկը «Ելքին»

Շարմազանովի ակնարկը «Ելքին»

138
0

sharmazanov

«Այս հարցը արհեստական օրակարգային հարց է: Ինչո՞ւ. որովհետև Հայաստանում, ինչպես ցանկացած նորմալ ժողովրդավար երկրներում ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր քաղաքական թիմ ներկայացնում է իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները և դրա չափով ստանում ժողովրդի վստահության քվեն: Պառլամենտում հայտնված չորս քաղաքական ուժերից առնվազն երեքը կողմ են արտահայտվել ԵԱՏՄ անդամակցությանը, «Ելք» դաշինքն էլ, ես չեմ հիշում, որ խոսել է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին ընտրական շրջանում»: Այս մասին  ԱԺ-ում  «Ելք» դաշինքի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ դեռ հարց է` եթե «Ելքը» նախընտրական շրջանում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը դներ, ԱԺ անցնելու համար համապատասխան շեմը կհավաքե՞ր, թե՞ ոչ:

«Այսինքն՝ հասարակական կարծիքը ձևավորվել է, կնիքն էլ խփվել է ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ: ՀՀ բնակչության մեծամասնության համար ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր դրված չէ»,- ասաց նա:

Բացի այս,  ըստ Շարմազանովի, երբ խոսում ենք ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, առաջինը պետք է քննարկենք ոչ թե այն հարցը, թե ԵԱՏՄ-ն ինչ է տվել մեզ, այլ այն հարցը, թե այդ միությունից դուրս գալու դեպքում ի՛նչ վնասներ կլինեն:

«Հլը մեկը ձեզ հարց տա՝ եթե մենք ԵԱՏՄ-ից դուրս ենք գալիս, վնասները հաշվե՞լ եք: Միայն ԵԱՏՄ մտնելուց հետո Հայաստանի արդյունաբերողների համար գազի գինը 30 դոլարից ավելի պակասել է: Եվ միայն այդ գազի գնի իջեցումից Հայաստանի արդյունաբերության օգուտն ավելի շատ է, քան, ըստ եվրոպացի փորձագետների, եթե մենք ստորագրեինք ազատ առևտրի համաձայնագիրը»,- հայտարարեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն ասաց, որ ուզում է անդրադառնալ նաև Արցախի տարածքները կորցնելու հարցին: Նա նշեց, որ արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը պարտվել է: «Արցախյան զինված ուժերը կատարել են իրենց վրա դրված պարտավորությունները: Մենք չենք պարտվել, Արցախը հաղթել է: Այդ պատերազմից հետո որևէ նոր պայմաններ, որոնք չէին բխի Հայաստանի ու Արցախի շահերից, չեն եղել»:

Ելույթներով հանդես եկան ՀՀԿ խմբակցության մի քանի այլ պատգամավորներ, ովքեր հայտարարեցին, թե ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն չկա: