«Երեկ պարբերաբար մենք տեսնում էինք, որ թե՛ ոստիկանները, թե՛ ցուցարարները լրագրողներին հորդորում էին չմիջամտել: Ոստիկանների համար շատ դժվար է, երբ լրագրողը կես ժամ իրականացնում է իր վրա դրված պարտականությունները, հետո դառնում է ցուցարար, հետո նորից լրագրող: Միգուցե այդ անցանկալի վիճակը դրանով է պայմանավորված»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նմանկերպ այսօր լուսադեմին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերը մեկնաբանեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն:
Հարցին, թե ստացվում է` մեղադրո՞ւմ է արդյոք լրագրողներին, Շարմազանովն արձագանքեց, որ ոչ թե մեղադրում է, այլ պարզապես փաստն է արձանագրում. «Ինչ վերաբերում է երեկվա իրավիճակին, ապա այնտեղ դրական բան տեսա` թե՛ քաղաքացիները, թե՛ ոստիկաններն ընդգծված հարգալից վերաբերմունք ունեին միմյանց նկատմամբ, մենք տեսանք, որ ոստիկանները ողջ օրը համոզում, խնդրում էին մեր քաղաքացիներին, որ նրանք շարունակեն պայքարը օրենքով նախատեսված կարգով, ամենամեծ ցավը, որ ես ունեցա, դա այն էր, որ մեր քաղաքացիները չկարողացան իրենց մեջ 3-4 լիդեր ընտրել ու հանդիպել նախագահի հետ, որովհետև նախագահի քայլը լայնախոհության ու դիալոգի քայլ էր, որը նոր որակ կհաղորդեր թե՛ պայքարին, թե՛ դիալոգին»,- ասաց նա:
ԱԺ փոխնախագահի պնդմամբ` ոստիկանությունը պրոֆեսիոնալ է գործել:
«Եղել են, իհարկե, որոշ անցանկալի դեպքեր, բայց առաջին անգամ եմ տեսնում, որ նման միտինգի ժամանակ թե՛ ոստիկանները, թե՛ քաղաքացիները հարգալից են միմյանց նկատմամբ, և ոստիկանները հնարավորինս իրականացրեցին այդ միջոցառումը` բավականին դրական մակարդակով»,- նշեց նա: Մեր հարցին, թե մարդկանց ծեծե՞լն է պրոֆեսիոնալ, նա կարճ պատասխանեց և ընդամենն ասաց. «Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել»։