Սեպտեմբերի 12-ին Araratnews.am-ը հրապարակել էր Ինչ են անում զինվորները Շաքիի ջրվեժում հոդվածը, որին կցված էր նաեւ տեսանյութ: Տեսանյութում երեւում էր, որ արեւի կիզիչ ճառագայթների տակ ժամկետային զինծառայողները դեպի ջրվեժ ճանապարհի հողային հատվածում աշխատանքներ էին կատարում: Զինվորների աշխատանքն ուղեկցվում էր նվագախմբի տղաների երաժշտությամբ եւ հրամանատարի հսկողությամբ:
Ինչպես հայտնի է, Շաքիի ջրվեժը համարվում է բնության հուշարձան, և այդ տարածքում ցանկացած շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվությունը պատկանում է ՀՀ բնապահպանության նախարարությանը: Տեղյա՞կ են արդյոք նախարարությունում, որ հայկական երկու պետությունների սահմանները պահպանելու առաքելություն կատարող զինվորները Շաքիի ջրվեժ տանող ճանապարհահատվածում զբաղված են նման աշխատանք կատարելով: ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Թեհմինա Արզումանյանին ուղարկեցինք տեսանյութը` խնդրելով ուսումնասիրել եւ պարզաբանում ներկայացնել: «Շաքիի ջրվեժ» բնության հուշարձան տանող արահետը համայնքային նշանակության տարածք է: Զգուշացվել է հողային աշխատանքների դադարեցման վերաբերյալ և հարցում ուղղվել համայնքի ղեկավարին»,- ասաց Արզումանյանը:
Ի դեպ, տեղում պարզ էր դարձել, որ զինվորները պարզապես կատարում էին Սիսիանի զորամասերից մեկի հրամանատարի հրաման-ցանկությունը: Նա ցանկացել էր, որ ընտանիքներով գալիս մարդիկ արահետով անցնեն ոչ թե մեկ-մեկ, այլ հայրիկն ու մայրիկը՝ երեխաների ձեռքը բռնած։
Եթե զորամասի հրամանատարը նեղսրտել էր, որ ճանապարհի այդ հատվածը նեղ է, ապա նա իրավունք չուներ աշխատանքներում ներգրավել զինվորների: Խնդրի մասին պետք է իրազեկ լինեին բնապահպանության նախարարությունում եւ այն համայնքում, որի տարածքում գտնվում է Շաքիի ջրվեժը:
Araratnews.am-ի հետ զրույցում Շաքի համայնքի ղեկավար Վահան Ղազարյանը հայտարարեց, թե ինքն է դիմել զորամասի հրամանատարին, որ զինվորները գան եւ կատարեն աշխատանք: «Տեղյակ եմ, ոնց տեղյակ չեմ, իմ խնդրանքով էդ մարդիկ եկել, օգնել են: Ընդամենը ձեռքի աշխատանք է կատարվել, մի քանի սանտիմետր լայնացրել ենք, մարդիկ գալիս-սղում էին: Չթողեցին շարունակեինք, բայց կանենք, ուզում ենք գաբիոն լցնել»,- ասաց համայնքի ղեկավարը: Մեր հարցին, թե ով է իրավունք տվել զինվորներին նման աշխատանքում ներգրավել, Վահան Ղազարյանն ասաց. «Բնապահպանական խնդիր է, էդ մարդիկ բարեգործություն են անում, ինչ կապ ունի՝ զինվորնե՞րն են անում, թե՞ համայնքի բնակիչները»:
Ղազարյանը հայտարարեց, թե պարտադիր չէ ամեն անգամ բյուջեից գումար հատկացնել: «Ի՞նչ կարեւոր է` ով է անում, սաղն էլ արել են, Գայանի տղեն էլ եկել, արել է»,- ասաց: Ի վերջո, գյուղապետը ակամա խոստովանեց, որ վատ բան են արել. «Լավն ենք անում՝ ասում եք՝ խի եք անում, վատն ենք անում, էլի ասում եք՝ խի եք անում»:
Հետո համայնքապետը հայտարարեց, թե ճանապարհը բարեկարգողները զինվորներ չեն եղել, այլ զինվորական համազգեստով երկրապահներ: «Էնտեղ զինվորական չի եղել, եղել են զինվորի համազգեստով երկրապահներ»,- իր խոսքը փոխեց Շաքի համայնքի ղեկավարը:
Կատարվածի առնչությամբ զրուցեցինք նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Նա հայտարարեց, որ նման հողային աշխատանքներ զինվորները գրեթե ամեն օր են մասնակցում:
Այն, որ հողային աշխատանքներ կատարել եւ կատարում են հայրենիքի պաշտպանները՝ թերեւս անվիճելի է: Խրամատ փորելը, իհարկե, հողային աշխատանք է, բայց համայնքի ենթակայության ներքո գտնվող բնության հուշարձան տանող արահետը լայնացնելու գործը զինվորները չէ, որ պետք է անեն:
Այս ամենն ի մի բերելով` կարելի է ասել, որ թե բնապահպանության եւ թե պաշտպանության նախարարություններում պարզապես անտեղյակ են, թե ինչ է կատարվում իրենց ենթակայության ներքո գտնվող հուշարձանի եւ զորամասի տարածքում:
Փայլակ Ֆահրադյան