Հինգերորդ գումարման Ազգային ժողովը ձևավորվել էր մեծ չափով օլիգարխիկ և թաղային հեղինակությունների մոտեցումներով. նման տեսակետ ԱԺ ճեպազրույցների ժամին արեց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
Նրա խոսքով՝ խորհրդարանում կային պատգամավորներ, որոնք բացարձակապես մասնակից չեղան օրինաստեղծ գործունեությանը, ավելին` անգամ մեկ ելույթ չունեցան: «Նոր Ընտրական օրենսգրքի ռեյտինգային համակարգով պրոցեսները ցույց են տալիս, որ խորհրդարանը նորից ձևավորվելու է թաղային հեղինակություններով, լինելու են օլիգարխիայով ընտրություններ: Այստեղից հետևություն, որ նոր Ազգային ժողովից առանձնապես բան չեմ սպասում»,- նշեց նա:
Շահգելդյանի խոսքով` նոր Ընտրական օրենսգիրքը, որը տպավորություն էր ստեղծում, թե ընտրությունները պետք է համամասնական լինեն, իրականում դարձել են մեծամասնական: Պատգամավորը պնդեց` ձևավորվող խորհրդարանն էլ լինելու է կրիմինալ, ինչը, ըստ նրա, լրջագույն խնդիրներ է առաջացնելու: «Բացի ընտրական համակարգից, մեր երկրում կան նաև այլ խնդիրներ, սոցիալ-տնտեսական ծանր վիճակը խորացել է: Խնդիրն այն է, որ այս խորհրդարանը չհաստատեց մի շարք սոցիալական պաշտպանության ծրագրեր: Ավելացել է նոր վարկային բեռը, քանի որ հաստատվեցին մի շարք վարկային համաձայնագրեր: 4 միլիարդից 6 միլիարդի հասավ պարտքը, և ամենն ուղղված է բյուջեի անցքերը փակելուն, հարց է, թե ինչ են տալու այս վարկերը մեր երկրին»,- շարունակեց Շահգելդյանը:
Շահգելդյանն ասաց, թե իրենք խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն մենակ: «Մեր մոտեցումը միայնակ գնալն է, անկախ Հայաստանի 25 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ դաշինքները, որոնք ձևավորվում են ոչ գաղափարական հենքի վրա, ընտրություններից հետո սկսում են ապակենտրոնացման գործընթացների մեջ հայտնվել: Ես ափսոսանքով եմ ասում դա, մենք ասել ենք, որ կարևորագույն խնդիր է քաղաքական ինստիտուտների ձևավորումը: Այնպես որ, մեր մոտեցումն այն է, որ մենք գնում ենք միայնակ»,- շարունակեց պատգամավորը: Նա հավելեց, որ այս պահին իրենց խնդիրն է անցկացնել մաքուր ընտրություններ, պայքարել ընտրակեղծիքների, կաշառքների դեմ, որով հարուստ է հայաստանյան ընտրական պատմությունը: Ըստ նրա` իրենց կուսակցության շարքերը շարունակում են համալրվել. «Մենք լավատես ենք՝ այս ընտրությունների, մեր հաջողությունների ու հաղթանակների հետ կապված»:
ՕԵԿ խմբակցության քարտուղարը, անդրադառնալով «Հայկական վերածննդի» շարքերը լքող քաղաքական ուժերին և անհատներին, հիշեցրեց, որ կուսակցությունը ձևավորվել է հիմնականում ՕԵԿ-ի հենքի վրա: Հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի կուսակցության ներսում ընթացող խմորումները, ՀՎԿ երիտասարդական կառույցի ղեկավարի քննադատական ելույթը, Շահգելդյանը պատասխանեց` պնդելով, թե նման խմորումներ չկան: «Նայե՛ք այդ նույն երիտասարդական կառույցի ղեկավարի ելույթը մեկ ամիս առաջ կուսակցության համագումարում, որտեղ նա գովաբանում, ներբողներ էր ձոնում կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի վարած քաղաքականությանը: Ընտրություններ են, բոլորը կարող են մասնակցել ռեյտինգային ցուցակներով, կան մոտեցումներ, ամբիցիաներ, այս խնդրին մենք այդպես ենք նայում, դուք նայեք՝ մյուս կուսակցություններում ի՞նչ է կատարվում: Մենք սրան վերաբերվում ենք հանգիստ, դուք էլ հանգիստ վերաբերվեք»,- եզրափակեց Մհեր Շահգելդյանը: