Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփելով անցնող տարին, նշեց երեք կարևոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել երկրում: Առաջինը, որ նշեց Դավթյանը, ԵԱՏՄ համաձայնագրին միանալն է, երկրորդը`ՀՀ Կառավարության փոփոխությունն է, երրորդը` ամռանը և նոյեմբերին գրանցված սահմանային լարվածությունը:
Հայաստանի վրա անուղղակի կերպով ազդեցություն ունեցած արտաքին իրադարձություններից Դավթյանը հիշատակեց Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև` իսլամական չճանաչված պետության ահաբեկչական գործողությունները:
Իսկ օրեր առաջ ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանի` խորհրդարանում ունեցած ելույթի մասին, որում պատգամավորը կարծիք էր հայտնել, թե իրենք պետք է Արամ Մանուկյանին ապտակ տային, Արտակ Դավթյանն ասաց.
«Սեյրան Սարոյանը իր ելույթում փոխաբերական իմաստով էր ասում այդ ապտակելու մասին, կարծում եմ, որ շատ ճիշտ էր այդ ասվածը: Ոչ միայն պատգամավորի, այլ նաև ողջամիտ մարդուն ոչ հարիր բառապաշար է օգտագործել: Մենք` որպես Արամ Մանուկյանի գործընկերներ, պետք է ունենայինք այդ քաջությունը` նախատելու նրան»: