ԱԺ հարց պատասխանի ժամանակ Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց ՊՆ նախարար Սեյրան Օհանյանինˋ բարձրաձայնելով սահմանամերձ գյուղերում համապատասխան ապաստարանների կառուցման խնդիրը:
«Գյուղապետերը բողոքում են սահմանամերձ գյուղերում եղած ապաստարաններից: Ես օրերս Չինարում էի, որտեղ միայն դպրոցի նկուղը 150-200 հոգու կարող է ապաստան տալ: Այստեղ ապաստարանները շատ քիչ են և չեն բավարարում պահանջներին, որովհետև չունեն տեխնիկական պատշաճ պայմաններ, որպեսզի մարդիկ այստեղ կարողանան երկար ժամանակ ապաստանել: Եթե ապաստարանները բետոնյա կառույցի տեսքով լինեն, ապա մարդիկ այստեղ ավելի երկար կարող են գտնվել »,-նշեց պատգամավորը:
Ի պատասխան պատգամավորի հարցինˋ ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ 2014-2015 թթ. ՀՀ սահմանամերձ տարածքում, ինչպես նաևԱրցախում լարվածության աստիճանը բարձր էր, ուստի սահմամերձ գյուղերի բնակիչների մտավախությունները հասկանալի են:
« Քաղաքացիական պաշտպանվածության խնդիները ուսումնասիրելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը ուսումնասիրել է ինչպես սահմանամերձ 26 գյուղերում, այնպես էլ քաղաքներում ապաստարաններ ստեղծելու հարցը: Աշխատանքային խումբ իր առաջարկություններն արդեն իսկ ներկայացրել է: Մենք շուտով կներկայացնենք աշխատանքների ռազմավարությունը և դրանից բխող հետևանքները»,-իր խոսքում նշեց ՊՆ նախարարըˋ հավելով, որ Տավուշի մարզում միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկների հիման վրա արդեն իսկ ստեղծվել է օրիանկելի ապաստարան:
Վարդուհի Ստեփանյան