Հիմա ջուրն ինքնամաքրման պրոցեսի մեջ է, սակայն սա չի նշանակում, որ խնդիրները լուծում են ստացել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց բնապահպան Սիլվա Ադամյանը։
«Ջրի էկոլոգիան պետք է վերականգնվի, ջերմաստիճանի ստաբիլացում պետք է լինի։ Եթե մակարդակը բարձրանա, ապա ջուրը կլուծի այս խնդիրը, կունենանք նաև կենդանական աշխարհ։ Ինչպես նաև խնդիր է Սևան լցվող կեղտաջրերը։ Թեպետ նախարարն ասաց, որ տեղադրվելու են մաքրման կայաններ, միևնույն է, սա խնդիրը չի լուծում, քանի որ շատ տեղերից են կեղտաջրերը լցվում Սևան։ Տարածքում աշխատող գործարաններին պետք է օրենքի ուժով պարտադրել, որ տեղադրեն մաքրման կայանները, սակայն այս պահին նման օրենք չունենք, զուտ փորձում ենք համոզելով խնդիրը լուծել»,- ասաց նա։
Ադամյանի խոսքով՝ դեռևս որևէ քայլ չի նկատվում՝ ուղղված լճի հետագա կայունացմանը։
«Սևանա լիճն ինքն իր հարցը լուծել է, իսկ ինչ վերաբերում է միջոցառումներին, պետք է ասել, որ որևէ փրկարար միջոցառում դեռևս չի կատարվել»,- ասաց Ադամյանը։