տուն Լուրեր Սևանի հիվանդանոցն ու պոլիկլինիկան կմիաձուլվեն

Սևանի հիվանդանոցն ու պոլիկլինիկան կմիաձուլվեն

208
0

sevan-hospital (1)

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց «Սևանի հիվանդանոց» և «Սևանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլել` ստեղծելով «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն։

Նախագիծը ներկայացրած ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Սևան քաղաքի առողջապահական համակարգը արդիականացնելու և ծառայությունների մատուցման մատչելիությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

«Նկատի ունենալով այն, որ Սևանի հիվանդանոցի մասնաշենքերը ներկայում տեղակայված են բնակչության համար անհասանելի վայրում՝ մայրուղու հարևանությամբ, որոնցից մեկը ընդհանրապես չի շահագործվում, նոր ստեղծված հիվանդանոցի հարևանությամբ Համաշխարհային բանկի վարկային ծրագրի միջոցներով կկառուցվի հիվանդանոցային նոր մասնաշենք։ Իսկ ազատվող տարածքները կտրամադրվեն Սևան հոգեբուժական հիվանդանոցին, ընկերության աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու համար»,-նշեց Արմեն Մուրադյանը։ Մուրադյանը տեղեկացրեց, որ ներկայումս ընթանում է գնահատման փուլը, հինգ ամիս կտևեն նախագծային աշխատանքները, իսկ շինարարությունները կսկսվեն 2016 թվականի սկզբին ու կտևեն շուրջ երկու տարի։