Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում, էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճել են:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,5 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 32,35 դոլարի:
Ինչպես հայտնի է, տևական ժամանակ նավթի գները համաշխարհային շուկայում նվազում էին: «Սև ոսկու» գնի շարունակական նվազումը զգալի վնասներ հասցրեց:
Ի՞նչ հնարավոր հետևանքներ այն կարող է ունենալ մեր երկրի վրա: Araratnews.am- ի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նշեց, թե տարբեր փորձագետներ ու մասնագետներ արդեն ասել էին, որ նավթի գնանկումը պետք է կրեր ժամանակավոր բնույթ: Ըստ Բոստանջյանի, կանխատեսումներ արվեցին նաև, որ գները կնվազեն՝ հասնելով մինչև 60 դոլարի: «Անկախ նրանից, գնանկում ենք մենք արձանագրել, թե փոքր-ինչ բարձրացում գների, այստեղ ես ավելի հակված եմ ենթադրելու, որ դա ուղղակիորեն պայմանավորված էր Արևմուտքի ու Ռուսաստանի միջև տնտեսական պատերազմով: Անկախ այն հանգամանքից, որ նավթարդյունահանող բազմաթիվ երկրներ, դրանով իսկ հանգրվանեցին ոչ ցանկալի իրավիճակներում, բոլոր դեպքերում երևի թե Արևմուտքը, համապատասխան մոտեցումների պարագայում, Ռուսաստանին թուլացնելու մեծ ցանկություն էր դրսևորում»,- ասաց տնտեսագետը: Ըստ նրա, Ռուսաստանին թուլացնելու ամենաարդյունավետ գործիքը նավթի գների անկումն էր, որը, ըստ էության, ուներ սկզբունքային նշանակություն ՌԴ-ի համար: Միևնույն ժամանակ, Բոստանջյանի խոսքով, նավթի գների շարունակական անկումն իր բացասական ազդեցությունն ունեցավ այլ երկրների վրա, և միջազգային խաղացողները հասկացան, որ սա ըստ էության, բացասական էր ոչ միայն ՌԴ-ի համար, այլ ամբողջ աշխարհի, ու դրա համար թեկուզ դանդաղ, բայց նկատվում է գնի բարձրացում:
Ինչ վերաբերում է հայկական տնտեսության վրա ազդեցությանը, ապա Բոստանջյանն ասաց, թե այն չէր կարող Հայաստանի վրա մեծ ազդեցություն ունենալ: «Եթե Հայաստանը, ըստ էության, նավթից օգտվող է, ապա այն բենզինի ազդեցության ներքո էր գործելու: Այդ առումով Հայաստանը ոչ արտահանող, ոչ էլ ներկրող երկիր է, և, դրանով պայմանավորված, Հայաստանի վրա պետք է ունենա փոքր ազդեցություն՝ այդ թվում անուղղակի»,- ասաց տնտեսագետը: