տուն Լուրեր Սերժ Սարգսյանն այցելել է ատոմակայան

Սերժ Սարգսյանն այցելել է ատոմակայան

116
0

Atomakayan.ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան։ Հանրապետության նախագահը շրջայց է կատարել կայանում, ծանոթացել ՀԱԷԿ-ի ընթացիկ աշխատանքներին, անցած տարվա արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, ինչպես նաեւ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով իրականացվող աշխատանքների առաջին փուլի ընթացքին։

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Ատոմակայանի ղեկավարությունը ՀՀ նախագահին ներկայացրել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը եւս 10 տարով երկարացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնության կառավարությունից ներգրավված վարկային եւ դրամաշնորհային միջոցների շրջանակներում մեկնարկած՝ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլի աշխատանքները։ Զեկուցվել է, որ արդեն սկսվել են համակարգերի, սարքավորումների եւ շինությունների համալիր զննման աշխատանքները, որոնք կավարտվեն ընթացիկ տարվա սեպտեմբերին: Դրանից հետո որոշում կկայացվի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ։

Պատասխանատուների հավաստմամբ, կատարված ուսումնասիրությունների հիման վրա երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել սարքերի եւ սարքավորումների փոխարինման աշխատանքներ։ Այդ ընթացքում կիրականացվեն նաեւ ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի առավել բարձրացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ: