Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խորհրդարանական ընտրությունների կմասնակցի, կամ նոր կուսակցություն կստեղծի, կամ կմիանա որևէ կուսակցության:
Հարցին՝ որը կլինի այդ կուսակցությունն, ասաց՝ դեռ չգիտի. «Դեռ չեմ որոշել, դա ինձ համար երկրորդական է, ծրագրերի պատրաստումն ու իրականացումն է ինձ համար կարևոր: 100-ից ավելի մարդ այժմ աշխատում է այդ ուղղությամբ: Ես պետության դեմ որևէ բան չեմ անելու»:
Նա հավատացրեց, որ մարտ ամսին պարզ կլինի, թե իրենց գաղափարախոսությունը, թե մնացած հարցերը: Այժմ քննարկման փուլն է:
«Դուք ինձանից լավ գիտեք, թե Հայաստանին ինչ է հարկավոր, ես ոչ մեկին չեմ ուզում քննադատել, բայց ես չեմ կարող հանգիստ ապրել, եթե իմ հայրենիքում վատ են ապրում: Ամեն ինչ լինելու է օրինականության սահմաններում: Ինձ համար 350 իրավաբան է աշխատում: Հիմա իմ մեծ թիմը ծրագրեր է մշակում, նախագծեր կազմում: Կարծում եմ մինչեւ մարտի վերջ ես կհայտարարեմ` մասնակցելո՞ւ եմ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Ես չեմ բացառում, որ կարող է լինել նաեւ համագործակցություն այլ կուսակցությունների հետ»,- ասաց Արա Աբրահամյանը` հավելելով, որ դեռեւս հայտնի չէ եւ իր համար էլ այս պահին երկրորդական է, թե ում հետ է համագործակցելու:
Լրագրողներից մեկն էլ հարցրեց՝ իրեն հայտնի՞ է Գագիկ Ծառուկյանի՝ կուսակցություն ունենալու փորձը, Սերժ Սարգսյանի հետ քննակվե՞լ է իրենց կուսակցության հարցը, ինչին ի պատասխան նա ասաց. «Գագիկ Ծառուկյանը մեր ընկերն է, մենք հաշվի ենք առնում ամեն ինչ, ո՞նց կարող ենք հաշվի չառնել: Գագիկ Ծառուկյանը ինքը որոշում կայացրեց, մենք պատրաստ ենք լինելու ամեն ինչի: Մենք պաշտպանելու ենք մեր իրավունքները, մեր արածներն էլ լինելու են հստակ: ՀՀ նախագահի հետ էլ քննարկել եմ այդ հարցը, ինքն ասաց՝ ինչու չէ, մասնակցեք, եթե ունեք ծրագրեր»:
«Ձեզ չթվա, թե ես գործ չունեմ, անելիք չունեմ, դրա համար եմ նման բան նախաձեռնել: Ձեր երեւակայությունը չի բավարարի պատկերացնելու, թե որքան գործ ունեմ անելու»,- ասաց Աբրահամյանը` հավելելով, որ երեսուն տարվա ընթացքում լուրջ փորձ եւ գիտելիք է ձեռք բերել, ունի հսկայական կապեր աշխարհի բազմաթիվ երկրներում:
Հիշեցնենք՝ այսօր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ասուլիս է տվել՝ անդրադառնալով մի շարք հարցերի: