տուն Լուրեր Սերժ Սարգսյանից բաժանվելուց հետո ազատություն են տվել բռունցքներին

Սերժ Սարգսյանից բաժանվելուց հետո ազատություն են տվել բռունցքներին

84
0

bazoi

Երեկ ՀՅԴ-ականները սոցցանցերում տեղեկություն տարածեցին, որ  Արագածոտնի մարզում ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Բազմասեր Առաքելյանը ծեծել է մի խումբ մարդկանց, երբ նրանց հրավիրելով իր տուն տեղեկացել է, որ նրանք պատրաստվում են քվեարկել ՀՅԴ օգտին:

Մասնավորապես, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական ծրագրերի պատասխանատու,  ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը գրել էր.  ԲՀԿ-ից փախած պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, ով Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզից մասնակցում է 2017-ի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին, այսօր ծեծուջարդ է նախաձեռնել իր հայրենի Փարպի գյուղում։ Ընդ որում, ի տարբերություն այլ նման միջադեպերի, ապականել է «օջախ» հասկացությունը, որը սրբություն է համարվում մեր ժողովրդի համար։ Թեկնածուի մի քանի տասնյակ կողմնակիցները Բազմասեր Առաքելյանի տուն են հրավիրել համագյուղացիներից մեկին ու տեղեկանալով, որ նա, ի տարբերություն պարբերաբար կուսակցություն փոխած Բազմասերի, քվեարկելու է Դաշնակցության օգտին, դաժան ծեծի են ենթարկել նրան, ում արդեն տեղափոխել են հիվանդանոց։ Չբավարարվելով դրանով, բացի կուսակցական ճամբարներ փոխելուց խորհրդարանում որեւէ բանով աչքի չընկած մարզիկ-պատգամավորն ու կողմնակիցները հարձակվել են նաեւ տուժածի եղբոր վրա։ Սակայն այս անգամ անազնիվ` մի քանի տասնյակով մեկի դեմ տարբերակը չի գործել, ու նրանք պատասխան են ստացել։ Վիճակը լարված է: Դաշնակցականներն էլ հայտարարում են՝ իրենց ցանկացած ՀԱՄԱԿԻՐ ու կուսակցական ԸՆԿԵՐ անպաշտպան չի մնա։ Բազմասերն էլ իր այդքան «կարոտած» ծեծն անպայման կստանա։

Ամբողջ օրվա ընթացքում Բազմասեր Առաքելյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց: Ուշ երեկոյան Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց` հերքելով Գեղամ Մանուկյանի տարածած տեղեկատվությունը:  «Դաստիարակությունս թույլ չի տալիս, որպեսզի խորհրդարանական գործընկերոջս մեղադրեմ ստախոսության մեջ:
Հրապարակվող նյութերը, որոնք նշում են իմ անձի, ընկերների և հարազատ մարդկանց գործադրմամբ այս կամ այն բռնությունը, հետապնդում են մի նպատակ՝ գցել իմ վարկանիշը:

Ինձ երբեք թույլ չեմ տա  հարազատ գյուղում, առավել ևս` իմ օջախում, լինի նման դեպք և հետո, արդեն իսկ եղած ընտրությունների արդյունքները ցույց են տվել, թե ո՛վ է հարգված և ընդունված, ո՛վ է ստախոս ու անարդար:

Ես՝ իմ թիմի հետ միասին, ամեն ինչ անելու եմ, որ մեր մարզում խորհրդարանական ընտրություններն անցնեն խաղաղ և ժողովրդավարական պայմաններում:
Հիշե՛ք, ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչման հետ…»,- գրել էր պատգամավորը:

Մինչ կողմերը մեղադրում են միմյանց, այսօր արդեն դատախազությունը տարածեց հաղորդագրություն, որում ասվում է, որ Բազմասեր Առաքելյանի և Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումները Արագածոտնի մարզի դատախազի կողմից ուղարկվել են ոստիկանության Աշտարակի բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նյութեր նախապատրաստելու համար:

Գեղամ Մանուկյանը Araratnews.a-ի հետ զրույցում հրաժարվեց անդրադառնալ Բազմասեր Առաքելյանի պատասխան գրառմանը, հայտարարելով, թե իր ասելիքն արդեն ասել է:

Նկատենք, որ ՀՀԿ-ՀՅԴ վեճը տեղի է ունենում Սերժ Սարգսյանի` շաբաթ օրը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող թեկնածուների հետ հանդիպումից մեկ օր անց: Հիշեցնենք, որ տեղեկությունների համաձայն` վերջին շրջանում տարբեր մարզերում ռեյտինգային թեկնածուների միջեւ առկա լարվածությունը պատճառ էր դարձել, որ Սարգսյանը նրանց հավաքի Բաղրամյան 26-ում: Թե ինչ հրահանգներ է տվել Սերժ Սարգսյանը, մամուլում տեղեկություններ չկան, սակայն ուշագրավն այն է, որ Սարգսյանին հրաժեշտ տալուց հետո որոշ թեկնածուներ ազատություն են տվել բռունցքներին:

Ո՞ւմ կհավատա Սարգսյանը` իր ցուցակում ընդգրկված նախկին ԲՀԿ-ականին, թե՞ կոալիցիոն գործընկերոջը, էական չէ: Էականն այն է, որ հասարակությունը հերթական անգամ ականատես է լինում, որ խորհրդարանում հայտնվելու համար պատգամավորի թեկնածուներից շատերը շրջանցում են օրենքը:

Փայլակ Ֆահրադյան