ՀՀ Ազգային ժողովում արդեն երկրորդ օրն է` քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցը:
Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովը ՀՀ նախագահի առաջարկով նշանակում է ՀՀ գլխավոր դատախազին: Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով 2005 թվականի ՀՀ Սահմանադրության փոփոխություններով՝ 5-րդ հոդվածի 9-րդ կետով, եւ հիմք ընդունելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Արթուր Դավթյանի թեկնածությունը:
Ելույթով հանդես եկավ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը նախ անդրադարձավ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականին եւ ներկայացված պաշտոնական հիմնավորմանը:
«Առողջական խնդիրներն էին պաշտոնական հիմնավորումը, եւ հանրությունը սկսեց կասկածանքով վերաբերվել այդ ամենին, որովհետև մի տողով բացատրել գլխավոր դատախազի հեռացումը` առնվազն անհասկանալի է: Պատշաճությունը ենթադրում է` եթե ասում ես առողջական խնդիրն ունի, ապա պետք է բացատրես` ինչ խնդրի մասին է խոսքը, որովհետև ատամի ցավն էլ է առողջական խնդիր»,- ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին, ապա Փաշինյանը նշեց` դատախազությունում արագընթաց կարիերա են ունենում այն մարդիկ, որոնք առնչություն են ունենում աղմկահարույց պատմությունների հետ:
«Արթուր Դավթյանը 2012 թվականին «Հարսնաքարի» գործով մեղադրող դատախազն էր, եւ այս գործի կոնտեքստում հանրությանը հետաքրքրում էր, թե արդյոք Սերժ Սարգսյանի մտերիմ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այդ գործի հետ առնչությո՞ւն ուներ: Նախաքննությունը բարեհաջող ավարտվեց եւ պարզվեց` Ռուբեն Հայրապետյանը կապ չունի, եւ այդ ժամանակ Արթուր Դավթյանը պաշտոնի բարձրացում ստացավ»,- հիշեցրեց ընդդիմադիր պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանի համար զարմանալի է, որ այդ ամենից պատգամավորները Դավթյանին հարց են ուղղում, թե ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածները կարելի է ապաքրեականացնել:
«Այդ հարցին կա հստակ պատասխան. էսօր ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ ապաքրեականացված են, օրինակ` դիտավորյալ սպանությունը, եթե Սերժ Սարգսյանն ասում է` տղերք, գիտեք` այս սպանությունն այդքան էլ քրեական սպանություն չի: Բա ձեր կարծիքով Սերժ Սարգսյանի լուսանկարը ինչի՞ են կախում. նրանք անընդհատ խոսում են, դատախազները, քննիչները զեկուցում են, հարցնում են` այս սպանությունը քրեակա՞ն հանցագործություն է , թե՞ չէ, եւ Սերժ Սարգսյանի նկարը նրանց բացատրում է` որ սպանությունն է քրեական, որը` ապաքրեական»,- շարունակեց ԱԺ պատգամավորը:
Մանրամասները` տեսանյութում