ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախօրեին պաշտոնապես շրջանառության մեջ է դրել Սերժ Սարգսյանին պաշտոնակ անելու մասին ԱԺ որոշման նախագիծը: Երեկ կեսօրին արդեն նախագիծը հայտնվեց Ազգային ժողովի կայքում:
ԱԺ կանոնակարգով նախատեսվում է, որ ԱԺ նախագահը նախագիծը պետք է ուղարկի բոլոր խմբակցություններին եւ նշանակի գլխադասային հանձնաժողով, որն էլ 30-օրյա ժամկետում պետք է նիստ հրավիրի հարցը քննարկելու համար: Ու քանի որ այս ժամկետը հաշվառվում է առանց աշխատանքային օրերի, եւ Ազգային ժողովն էլ մինչեւ հունվարի վերջերը արձակուրդում է լինելու, ենթադրվում է, որ հանձնաժողովում հարցը կքննարկվի փետրվար-մարտ ամիսներին:
Նշենք նաեւ, որ Փաշինյանը նախագիծը թարմացրել եւ համալրել է նոր կետով, որը վերաբերում է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի տխրահռչակ հայտարարությանը: Իմպիչմենտի նախագծի նոր՝ 9-րդ կետը ներկայացնում ենք ստորեւ:
«9. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը, անձնական եւ խմբային շահերից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է՝ իր պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչն արտահայտվել է հետեւյալում. ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի 2014թ. դեկտեմբերի 11-ի համարում հայտարարել է (մեջբերում). «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես» (մեջբերման ավարտը):
Երանոսյանը թերթի թղթակցի հետ զրույցում ոչ հերքել եւ ոչ էլ հաստատել է, որ արցախյան ազատամարտի «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին եւ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին իր հրահանգով են ծեծել՝ Սերժ Սարգսյանին հայհոյելու համար:
«ՀՀ ոստիկանության զորքերի մասին» օրենքի հոդված 2-ը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ենթակայության տակ գտնվող հիմնարկ է, որը կոչված է օրենքին համապատասխան պաշտպանելու մարդու իրավունքները եւ ազատությունները հանցավոր եւ այլ հակաիրավական ոտնձգություններից, ապահովելու հասարակության եւ պետության անվտանգությունը»։
Նույն օրենքի հոդված 4-ով սահմանվում են ՀՀ ոստիկանության զորքերի գործունեության սկզբունքները: Նշված հոդվածի 1-ին մասում ասվում է. «Ոստիկանության զորքերի գործունեությունն իրականացվում է օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքները եւ ազատությունները հարգելու, միանձնյա ղեկավարման, կենտրոնացված կառավարման սկզբունքների հիման վրա»։ Նույն հոդվածի 2-րդ մասում ասվում է. «Ոստիկանության զորքերն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու եւ քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների եւ ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության եւ կամայականության բացառման սկզբունքներով, ինչպես նաեւ հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ»:
«Ժողովուրդ» օրաթերթում ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Լեւոն Երանոսյանի արած հայտարարությունները ուղղակիորեն հակասում են «ՀՀ ոստիկանության զորքերի մասին» օրենքով սահմանված սկզբունքներին, որովհետեւ նա, հանդես գալով որպես ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, հայտարարել է ինքնադատաստան իրականացնելու, ֆիզիկական բռնություններ իրագործելու, այսինքն՝ բացահայտ ապօրինի գործողություններ իրականացնելու իր վճռականության մասին, ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ Սահմանադրությանը: Երկրի ուժային կառույցի ղեկավարի կողմից արված նման հայտարարությունները ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների եւ ազատությունների սահմանափակմանը, սահմանադրական կարգի դեմ ուղղված գործնական քայլ են:
ՀՀ ոստիկանությունում ծառայության մասին օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Ոստիկանության զորքերի հրամանատարն ի պաշտոնե պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է»:
ՀՀ ոստիկանության մասին օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է. «Ոստիկանության գործունեության նկատմամբ իրենց լիազորությունների սահմաններում վերահսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
ՀՀ Սահմանադրության հոդված 49-ը սահմանում է. «Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»:
Շարունակությունն՝ այստեղ: