տուն Լուրեր Սերժ Սարգսյանի գործողությունները հավասարազոր են դավաճանության. Զարուհի Փոստանջյան

Սերժ Սարգսյանի գործողությունները հավասարազոր են դավաճանության. Զարուհի Փոստանջյան

130
0

zaruhi

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին վերահաստատեց երեկ խորհրդարանի  դահլիճում իր արած հայտարարությունը, որ Սերժ Սարգսյանը 2011 թ. տվել է համաձայնություն Կազանի փաստաթղթին` համաձայնելով ազատագրված տարածքները հանձնել Ադրբեջանին:

«Ինքը (նկատի ունի Սերժ Սարգսյանը-հեղ.) դա որոշել է առանց հաշվի առնելու հանրության  կարծիքն ու հայ ժողովրդի ազգային շահը: Մեր հանրությունը պետք է իրազեկ լինի, թե ինչպիսի բանակցություններ է վարել Սերժ Սարգսյանը Հայաստանի անունից»,- նշեց տիկին Փոստանջյանը:

Ըստ նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն ու դիվանագիտությունը ձախողված են եղել մինչ ապրիլմեկյան դեպքերը. «Դա է պատճառը, որ սկսվեց պատերազմ. եթե դու չես կարողանում վարել պատշաճ քաղաքականություն, դա հանգեցնում է պատերազմական գործողությունների»:

Փոստանջյանի համոզմամբ` քաղաքական դաշտում ձախողումներն այժմ էլ շարունակվում են, եւ Սերժ Սարգսյանի քայլերը հավասարազոր են դավաճանության:

«Ապրիլի 14-ին պաշտոնական հայտարարություն արվեց ՀՀ եւ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունների կողմից, որ Ադրբեջանը դիմել է ՄԱԿ-ին եւ չեղարկում է 1994թ. զինադադարի համաձայնագիրը: Սա ուղղակի ուղերձ է, որ Ադրբեջանը շարունակելու է ռազմական գործողությունները»,-նշեց ընդդիմադիր պատգամավորն ու հավելեց` այդ ուղերձին պետք է տրվեր քաղաքական պատասխան.- «Մենք այս պահին պետք է ունենայինք Հայաստանի կողմից ճանաչված Արցախի Հանրապետություն եւ ողջ հայությունը պետք է ջանքեր գործադրեր, որ այլ պետություններ եւս ճանաչեին Արցախի անկախությունը»:

Զարուհի Փոստանջյանը համաձայն չէ շրջանառվող տեսակետներին, թե պատերազմը հաղթել է Սերժ Սարգսյանը, նշեց` պատերազմը հաղթել են 20 տարեկան զինվորները:

Ինչ վերաբերում է ժամանակակից սպառազինություն ձեռք բերելուն, պատգամավորի կարծիքով՝ առաջին գումար ներդնողը պետք է լինի Սերժ Սարգսյանը:

«Առաջին մուտքը իր (Սերժ Սարգսյան) կողմից պետք է կազմեր 100 միլիոն դոլար, որից հետո պետք է միանային մնացած բոլոր պաշտոնյաները»,- ընդգծեց պատգամավորը: